Գյումրու նախկին քաղաքապետի որդին ստորագրությամբ ազատ է արձակվել

16:32 • 12.11.12

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանը ստորագրությամբ ազատ է արձակվել։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի բաժնից:


Նշենք, որ ըստ Փաստինֆոյի Սպարտակ Ղուկասյանը Հայաստան է վերադարձել նոյեմբերի 10-ին և հենց սահմանակետում ձերբակալվել որպես հետախուզվող։ Սակայն նա ոստիկանության Աշոցքի բաժնից ազատ է արձակվել։ Ս.Ղուկասյանը հաջորդ օրը` նոյեմբերի 11-ին, «կամավոր» ներկայացել է քննիչին՝ հարցաքննության և ցուցմունք տվել, թե արտերկրում է գտնվել մասնավոր գործերով ու Հայաստան է վերադարձել, երբ տեղեկացել է իր հետախուզման մեջ գտնվելու մասին։
 

Հիշեցնենք նաև, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ այս տարվա օգոստոսի 29 -ից Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ հայտարարվել էր հետախուզում՝ օգոստոսի 24-ին Գյումրիի Սայաթ-Նովա և Ռուսթավելի փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց կրակոցներով ուղեկցված վիճաբանությանը մասնակցություն ունենալու կասկածով։


Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել է Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ (խուլիգանություն) և 235 հոդվածի 1-ին մասերով (ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը):