Արարատի մանկապարտեզում հայտնաբերվել են մի շարք շեղումներ
Արարատի մարզի մանկապարտեզում արձանագրված սննդային թունավորման դեպքի կապակցությամբ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք շեղումներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։
Շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ոսկեգույն ստաֆիլակոկ, որոշ սննդամթերքում` աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Արձանագրված լաբորատոր շեղումները փաստում են, որ երեխաների մոտ սննդային թունավորումն առաջացել է մանկապարտեզում սանիտարահիգիենիկ կանոնների և հակահամաճարակային ռեժիմի խախտման հետևանքով առաջացած երկրորդային մանրէային աղտոտվածության արդյունքում:
Ներկայումս բոլոր հիվանդներն առողջացել և դուրս են գրվել:
Մանկապարտեզի տնօրինությանը տրվել են առաջարկություններ հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ էր ստացել այն մասին, որ նոյեմբերի 6-ին, ժամը 16-17-ին Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզից սննդային թունավորման ախտանշաններով Արարատի հիվանդանոց է տեղափոխվել 7 երեխա։ Բժիշկները հորդորել են հիվանդանոց բերել նույն մանկապարտեզի բոլոր այն երեխաներին, ում մոտ թեկուզ շատ թեթև ախտանշաններ կան։ Արդյունքում, ժամը 17-18-ին հիվանդանոց է տեղափոխվել ևս 6 երեխա։
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ վարակի փոխանցման հավանական գործոնը սնունդն է, քանի որ նշաններն ի հայտ են եկել միամոմենտ, և վարակի գաղտնի շրջանի տևողությունն ու կլինիկական ախտանշանները բնորոշ են սննդային թունավորմանը:










