Կինոյի պատմության ամենահիշարժան հանդերձները (լուսանկարներ)
Ֆիլմը հաջողության հասնելու համար պետք է ունենա 3 կարևոր նախապայման՝ տաղանդավոր դերասանական խաղ, հետաքրքիր սցենար և, իհարկե, գրավիչ, աչքի ընկնող հանդերձներ, գրում է բրիտանական Tetler-ը։
Ամսագիրը ներկայացրել է կինոյի պատմության ընթացքում ամենահիշարժան ու գեղեցիկ 7 հանդերձները, որոնք ցուցադրության են հանվել Լոնդոնի «Վիկտորիա և Ալբերտ» թանգարանում։
Ներկայացված նմուշների շարքում հաղթող է ճանաչվել Օդրի Հեփբերնի հանրահայտ դասական սև զգեստը, որի հեղինակն է աշխարհահռչակ ֆրանսիացի դիզայներ, Givenchy նորաձևության տան հիմնադիր Յուբեր դե Ջիվանշին։ Այս զգեստը գեղեցկուհին կրել է 1961թ.-ին էկրան բարձրացած «Նախաճաշ Տիֆանիի մոտ» ֆիլմում։
Հիշարժան է նաև Հոլիվուդի մեկ այլ գեղեցկուհու՝ Էլիզաբեթ Թեյլորի մարմնավորած Կլեոպատրայի հանդերձը, որի հեղինակ Իռեն Շարաֆն իր աշխատանքի համար արժանացել է «Օսկար»-ի։
Այնուհետ հաջորդում է «Քամուց քշվածներ»-ի գլխավոր հերոսուհու՝ Սքարլետ Օ'Հարայի դերակատարուհի Վիվիեն Լիի հանրահայտ կանաչ զգեստը, որը, ըստ սցենարի, կարվել է հին վարագույրից։ Իրականում այն ստեղծվել է թանկարժեք կտորներից՝ ամերիկացի դիզայներ Ուոլթեր Պլանկետի շնորհիվ։
Կինոյի պատմության ամենահիշարժան հանդերձների ցուցակում առկա է նաև Շերոն Սթոունի հանրահայտ սպիտակ զգեստը, որը կրելուց հետո դերասանուհին ճանաչվեց որպես Հոլիվուդի սեքս խորհրդանիշ։ Այս զգեստը նա կրել է 1992 թ.-ին էկրան բարձրացած «Հիմնական բնազդ» ֆիլմում։
Այս ցուցակում են ընդգրկվել նաև Քեյթ Ուինսլեթի հանդերձն օսկարակիր «Տիտանիկ» ֆիլմից, Կիրա Նայթլիի զմրուխտե երեկոյան զգեստը «Թողություն»-ից, ինչպես նաև Քեյթ Բլանշետի թագավորական հագուստը «Ոսկե դար» ֆիլմից։










