Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի հանդիպումները Վրաստանի կառավարության նորանշանակ անդամների հետ
Նոյեմբերի 8-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլիի, Եվրոպայի, Եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքս Պետրիաշվիլիի և պատիժների կատարման, պայմանական դատապարտման և իրավական օգնության հարցերի նախարար Սոզար Սուբարիի հետ: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրությունում:
Դեսպան Մանուկյանը շնորհավորելով նորանշանակ նախարարներին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում նոր քաղաքական ուժի հաղթանակի և կառավարության ձևավորման կապակցությամբ՝ հույս է հայտնել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների շարունակականության ապահովման և առավել սերտ գործակցության վերաբերյալ:
Պետնախարարար Պաատա Զաքարեիշվիլիի հետ հանդիպման ընթացքում վերջինս ընդգծել է, որ վրացական կողմը շահագրգռիռ է ազգային փոքրամասնությունների, այդ թվում` հայ համայնքի արդյունավետ ներգրավմամբ Վրաստանի քաղաքական և հասարակական կյանքում, ինչպես նաև անհրաժեշտ է համարում գործուն մեխանիզմներ ապահովել համայնքային հիմնախնդիրների արդյունավետ լուծման համար:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային ինտեգրացիոն խնդիրներին: Դեսպան Մանուկյանը նշել է հայկական կողմի հետաքրքրվածությունը վրացական տրանսպորտային ենթակառուցվածքների ընդլայնման և վերաշահագործման հարցում, որը հնարավորություն կտա տարածաշրջանի երկրներին դիվերսիֆիկացնել սեփական հաղորդակցման և ենթակառուցվածքային հնարավորությունները:
Պետնախարար Ալեքս Պետրիաշվիլիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի նոր կառավարության հետ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես` եվրոպական կառույցներում համագործակցության եղանակները:
Վրաց պետնախարարը կարևորելով հայ-վրացական համագործակցությունը եվրոպական տարբեր կառույցներում՝ համոզմունք է հայտնել, որ առաջիկայում կընդլայնվի առկա փոխգործակցությունը ինչպես բազմակողմ, այնպես էլ պատվիրակությունների փոխայցելությունների և ընթացիկ գործնական շփումների ձևաչափերում:
Դեսպան Մանուկյանն ու պետնախարար Պետրիաշվիլին անդրադարձել են նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների:
ՀՀ դեսպանի հաջորդ հանդիպումը եղել է Վրաստանի պատիժների կատարման, պայմանական դատապարտման և իրավական օգնության հարցերի նախարար Սոզար Սուբարիի հետ:
Հայաստանի դեսպանն ու նորանշանակ նախարարը քննարկել են Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, ինչպես նաև երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցությանն առնչվող բազմաբնույթ խնդիրներ:
Դեսպան Մանուկյանը նույն օրը հանդիպել է նաև Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի առաջին տեղակալ Դիմիտրի Քումսիշվիլիին, որի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Փոթիի նավահանգստում տիրող իրավիճակը, երկու երկրների երկաթուղիների համագործակցության վերաբերյալ խնդիրներ, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև ձևավորված գործնական հարաբերությունների շարունակականության վերաբերյալ հարցեր:










