Ես միայն կարող եմ ծափահարել իրենց համարձակությանը. Սերժ Սարգսյանը՝ Ֆրանսիայի նախագահների մասին

17:19 • 13.11.12

ՍերԺ Սարգսյանը Ֆրանսիայում պաշտոնական եռօրյա այցի շրջանակներում հարցազրույց է տվել տեղի հեղինակավոր «Լը Ֆիգարո» օրաթերթին, որը վերջինս վերնագրել է «Ֆրանսիայի դասը Թուրքիային»։ Ներկայացնում ենք հարցազրույցը թարգմանաբար.

 

- Հայ-ֆրանսիական հարաբերություններ...

 

Հայ-ֆրանսիական բարեկամությունը բնութագրելու համար ես հաճախ օգտագործում եմ «առանձնահատուկ» բառը: Ֆրանսիան բացեց իր դռները և սիրտը Հայոց Ցեղասպանությունից փրկվածներին ընդունելու համար: Այսօր հիմնականում ցեղասպանության հետևանքով ձևավորված մեր համայնքը հանդիսանում է հայ-ֆրանսիական կապերը կամրջող հենասյունը: Այս տարին հոբելյանական է՝ մենք նշում ենք Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Մեր երկրների միջև հարաբերությունների այս քսան տարիների ընթացքում մենք տպավորիչ ձեռքբերումներ ենք ունեցել:


Աշխուժորեն զարգանում են նաև մշակութային և առևտրատնտեսական կապերը։ Ֆրանսիան Հայաստանում երկրորդ ներդնողն է, մեզ մոտ գործում են ֆրանսիական կապիտալով 155 ձեռնարկություններ, որոնց թվում են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են «Ալկատելը», «Կրեդիտ Ագրիկոլը», «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կարեֆուրը» և այլն:


- Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի նախագիծը ճանաչվեց հակասահմանադրական...


Ֆրանսիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում չի պարտադրվել մեր կողմից:
Ֆրանսիան պետական մակարդակով ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Ցեղասպանության ժխտումը այդ հանցագործության շարունակության ձև է: Մենք անկեղծ համարում ենք, որ այն անձնավորությունները, ովքեր փորձում ենք ռեվիզիայի ենթարկել որևէ ժողովրդի ցեղասպանության պատմությունը, դառնում են այդ ծանր հանցագործության մեղսակից:


Ինչպիսի որոշումներ կկայացվեն Ֆրանսիայում այդ օրինագծի մասով` դժվարանում եմ կանխագուշակել: Ես կարող եմ միայն ողջունել Նախագահ Օլանդի հստակ դիրքորոշումն այս հարցում, որը նա արտահայտել է ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ` որպես Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ։


- Հայաստանը պաշտպանու՞մ է Բաշար ալ-Ասադի ռեժիմը։


Սիրիային և նրա ժողովրդին պատուհասած աղետը չի կարող անտարբեր թողնել որևէ մեկի: Սիրիայում առկա մեծ հայկական գաղթօջախը հայության շրջանում հայտնի է որպես «մայր գաղութ», քանի որ Սիրիայի տարածքով են հիմնականում այլ երկրներ գաղթել ցեղասպանությունից փրկվածները:


Քաղաքացիական պատերազմն իսկապես ծանր փորձություն է ցանկացած երկրի համար: Սակայն չկան այդպիսի իրավիճակների հաղթահարման ունիվերսալ բանաձևեր: Դժվար է ասել, թե որքանով կարող է օգնել կամ խանգարել արտաքին միջամտությունը: Ավելին, ուրիշների համար չափված լուծումները Սիրիայում դեպքում կարող են ողբերգական հետևանքներ ունենալ` հանգեցնելով տարածաշրջանի ժողովրդագրական պատկերի անդառնալի ձևափոխումների:


Հայաստանի Հանրապետությունը հնարավորության պարագայում կանի ամեն հնարավորը Սիրիայում խաղաղության պահպանման և հայ համայնքի կենսունակության ապահովման համար:

 

- Երևանի և Բաքվի արտաքին գերատեսչությունների ղեկավարների փարիզյան հանդիպումից հետո ԼՂ խնդրի կարգավորման հույսեր կա՞ն։

 

Փարիզյան հանդիպումը կարևոր էր այն առումով, որ պայմանավորվեցինք շարունակել խաղաղ կարգավորման բանակցությունները ստեղծված ձևաչափի շրջանակներում: Այդուհանդերձ այդ հանդիպումը հեռու է նոր հույսեր արթնացնելու առումով: Ադրբեջանական կողմը հրաժարվում է միջազգային միջնորդների կողմից առաջարկված սկզբունքները հիմք ընդունել կարգավորման: Նրանք համարում են, որ առանց հիմնական սկզբունքները համաձայնեցնելու հնարավոր է քննարկել բուն պայմանագիրը: Բայց պայմանագիրը կարող է կենսունակ լինել միայն եթե հենվում է հստակ և բոլորի համար հասկանալի սկզբունքների վրա:


Չնայած Բաքվի գործողություններին, որը հերոսացնում է սարսափելի հանցագործություն կատարած մարդասպանին, ով կացնահարել էր քնած հայ սպայի, Հայաստանը շարունակելու է անել ամեն հնարավորը խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար :


- Ֆրանսուա Օլանդի օրոք ֆրանս-թուրքական մերձեցումն անհանգստացնո՞ւմ է Ձեզ։

 

Ոչ իհարկե, մեր քաղաքականության հիմքում դրված չէ Թուրքիային վնասելու ցանկությունը: Մեր քաղաքականության հիմքում դրված են հստակ սկզբունքներ: Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան որքան հնարավոր է շատ շփվի Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ, որպեսզի այդ շփումների միջոցով յուրացնի եվրոպական արժեքները:


Ֆրանսիայի Նախագահները իրենց մեջ ուժ են գտել պատմության հետ առերեսվելու: Ես միայն կարող եմ ծափահարել իրենց համարձակությանը:


Փարիզում ես խնդրելու եմ Նախագահ Օլանդին, որպեսզի նա Թուրքիայի ղեկավարությանը պատմի, թե ինչպես է ինքն անձամբ դատապարտել հրեաների արտաքսումը Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներ: Դա կարող է դաս հանդիսանալ Թուրքիայի ղեկավարների համար: