ՀԱԿ ակտիվիստների վերաքննիչ բողոքները մերժվեցին

13:28 • 13.11.12

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր մերժեց «Հայ Ազգային Կոնգրեսի» 4 երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի բողոքները: Այսպիսով՝ դատարանը օրինական ուժի մեջ թողեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված հուլիսի 20-ի դատավճիռը, որով ամբաստանյալները դատապարտվել էին երկուսից վեց տարվա ազատազրկման: Այս մասին տեղեկանում ենք Փաստինֆո տեղեկատվական կայքի տարածած հաղորդագրությունից։


Հիշեցնենք, որ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի մերձակայքում ոստիկանների հետ միջադեպի գործով: Տիգրան Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, Արտակ Կարապետյանը խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, իսկ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը խուլիգանության մեջ:


Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ամբաստանյալների պաշտպան Ստեփան Ոսկանյանը, վերաքննիչ դատարանի որոշումը անպայման բողոքարկվելու է ՀՀ վճռաբեկ դատարան՝ որոշումը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում: