Իտալիայում հորդառատ անձրևների հետևանքով կամուրջ է քանդվել. զոհվել է 3 մարդ

18:24 • 13.11.12

Կենտրոնական Իտալիայի Գրոսսետո քաղաքից ոչ հեռու 3 մարդ է զոհվել, ովքեր գտնվել են քանդված կամրջի տակ հայտնված մեքենայում, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

 

Զոհերի ինքնությունը դեռ պարզ չէ, սակայն մեքենայի վրա եղել է Enel-ի պատկերանիշը, որն Իտալիայի խոշորագույն էներգետիկ կազմակերպությունն է։


Հորդառատ անձրևների հետևանքով տուժել են հատկապես Տոսկանայի և Ումբրիայի շրջանները։


Մասսա- Կարրարայում (Տոսկանա) ոչ բարենպաստ եղանակը հանգեցրել է ջրհեղեղների և սողանքների։ Ավելի քան 200 մարդ տարհանվել է։ Տեղական իշխանությունները հաղորդում են քանդված կամուրջների և ճանապարհների մասին։

 

Հեղեղված է մնում Վենետիկի գրեթե երեք քառորդը։ Նախօրեին ջրի մակարդակը քաղաքում  նորմայից բարձրացել է 1,5 մետրով։ Զբոսաշրջիկներին կոչ է արվում լքել քաղաքը, իսկ տեղաբնակներին խորհուրդ է տրվում դուրս չգալ փողոց և մնալ բարձր հարկերում։