Քիմ Քարդաշյանն իր երկրպագուներին կոչ է արել աջակցել Սիրիահայերի օգնության հիմնադրամին

12:02 • 13.11.12

Ամերիկահայ մոդել, իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանն իր բլոգում հաղորդագրություն է թողել՝ անդրադառնալով Սիրիահայերի օգնության հիմնադրամի ունեցած դերակատարությանը։

 

«Ես պարզապես ցանկանում եմ կիսվել ձեզ հետ։ Ձեզնից շատերը, հնարավոր է, տեղյակ չեն այդ մասին։ Սիրիան տուն է ավելի քան 100.000 հայերի համար, որոնց մեծ մասը փախել է Հայոց ցեղասպանության ընթացքում։ Վերջին տարիներին սիրիական բանակի և ապստամբների բախումների հետևանքով հազարավոր սիրիահայեր են տուժել, հայկական եկեղեցիներ քանդվել, տներ այրվել, և հազարավոր հայեր այժմ աշխատանք չունեն և կարիքի մեջ են։ Հազարավոր հայեր տարհանվել են իրենց տներից, տասնյակ քաղաքացիներ սպանվել են, տասնյակ հազարավորները պայքարում են ընդամենն ուտելիքի և ապաստան գտնելու համար»,- գրել է նա։

 

Քիմ Քարդաշյանը տեղեկացրել է, որ Սիրիահայերի օգնության հիմնադրամը ստեղծվել է դրամ հավաքելու համար, որի միջոցով սիրիահայերի համար գնվում է սնունդ, ջուր և դեղորայք, ապաստաններ են ստեղծվում և անգամ դասընթացներ այն երեխաների համար, որոնց դպրոցները փակվել են։


«Իմ հայկական ժառանգությունը չափազանց կարևոր է ինձ համար, և ես կարծում եմ՝ կարևոր է բարձրացնել իրազեկվածության մակարդակը»,-եզրափակել է նա։