Բարի գործերը թույլ են տալիս մարդուն բարելավել առողջությունը. այսօր Բարության համաշխարհային օրն է
Մարդը, երբ բարի գործեր է կատարում, ոչ միայն օգնում է կարիքավորներին, այլև ամրապնդում է իմունիտետը և կարգի բերում հորմոնային համակարգը, հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Բարության համաշխարհային օրը հարցված հոգեբաններին և հոգեթերապևտներին։
Բարության համաշխարհային օրը նշվում է նոյեմբերի 13-ին։ 1998թ. հենց այս օրն է Տոկիոյում բացվել Հանուն բարության համաշխարհային շարժման առաջին համաժողովը, որին մասնակցել են Ավստրալիան, Կանադան, Ճապոնիան, Թայլանդը, Սինգապուրը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն։ Ավելի ուշ շարժմանը միացել են նաև այլ երկրներ։ Հատուկ այս օրվա համար ֆրանսիացի նկարիչ Օրելը ստեղծել է խորհրդանիշը՝ բաց սիրտ։
«Երբ մարդ որևէ լավ բան է անում, նա հանգստանում է, բավարարվածություն է ստանում, դրա արդյունքում սկսում են ավելի լավ աշխատել նրա հորմոնալ և իմունային համակարգերը։ Դա լիցքավորում է մարմնի համար։ Բարի գործերն այդ առումով կարելի է դիտարկել որպես լիցքավորում հոգու համար»,- նշել է հոգեթերապևտ Կոնստանտին Օլխովոյը։
Սոցիալական հոգեբան Օլգա Դանիլենկոն էլ նշել է, որ մի շարք հետազոտությունների համաձայն՝ երբ մարդը բարի գործեր է կատարում, նրա օրգանիզմում ուրախության հորմոն է արտադրվում։ «Հետևաբար, նա իրեն այդ պահին ավելի ապահով և երջանիկ է զգում։ Դա փորձով հաստատված փաստ է»,- նշել է սոցիալական հոգեբանը։
Բարությունը թույլ է տալիս ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ ֆիզիկապես կամ հոգեպես ավելի թույլերը դառնում են ավելի ուժեղ։










