Այսօր Կույրերի միջազգային օրն է

09:55 • 13.11.12

Փարիզում և Պետերբուրգում կույրերի համար մի քանի դպրոցներ և ձեռնարկություններ հիմնած հայտնի մանկավարժ Վալենտին Հայուին ծնվել է 1745թ. նոյեմբերի 13-ին, Ֆրանսիայում, հայտնում է calend.ru-ն։

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) որոշմամբ՝ հենց այս ամսաթիվն էլ դարձել է Կույրերի միջազգային օրվա հիմքը (International Day of the Blind)։

 

Մինչև 18-րդ դարն աշխարհը չգիտեր կույրերի համար նախատեսված հաստատությունների մասին։ Վալենտին Հայուին առաջին անգամ ցուցադրեց կույրերին ուսուցանելու իր մեթոդը, որի տառատեսակը մշակել էր ինքը։


1784թ. Փարիզում, առանց կառավարության և բարեգործական ընկերությունների աջակցության, անձնական միջոցներով իր սեփական տանը նա բացում է կույր երեխաների համար աշխարհում առաջին դպրոցը՝ «Կույր աշխատավորների արհեստանոց» անվանմամբ։

 

Կույր երեխաների ուսուցումը և դաստիարակությունը Հայուին դնում է գիտական հիմքի վրա։ Նա մշակում է հատուկ տառատեսակ, որի շնորհիվ հնարավոր է դառնում ուսուցանել կույր երեխաներին և գրքեր տպագրել։ Կույրերի համար գրքեր տպագրելու գաղափարը նույնպես պատկանում է Հայուին։ Չնայած նյութական մեծ դժվարություններին՝ նա տպարան է բացում և մի քանի գիրք տպագրում։
 

Այսօր աշխարհում մոտ 124 մլն կույր է ապրում։ Նրանց թիվը, ըստ ԱՀԿ-ի, մինչև 2020թ. կարող է կրկնապատկվել։