Հանրահայտ անտիվիրուսային ծրագրի հեղինակին հետախուզում են սպանության կասկածանքով

09:41 • 13.11.12

Հանրահայտ անտիվիրուսային McAfee ծրագրի հեղինակ Ջոն Մաքաֆիին հետախուզում են՝ սպանության մեղադրանքով։

Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, Բելիզի իշխանությունները կասկածում են, որ նա տրոպիկական անտառում սպանել է հարևանին։
 

Միլիոնատեր ծրագրավորողը պնդում է, թե իրականում ոստիկանությունն է փորձում սպանել իրեն։


Մաքաֆին, ով 2008թ.-ից բնակվում է Բելիզում (պետություն Կենտրոնական Ամերիկայում), ենթադրյալ դեպքի օրը  գնում է ափից ոչ հեռու գտնվող մի կղզի, իսկ առավոտյան նրա 52-ամյա հարևանին՝ Գրեգորի Ֆաուլին այնտեղ գտնում են արնաշաղախ։


Մաքաֆին թաքնվել է ոստիկանությունից, սակայն կապ է հաստատելWired պարբերականի լրագրողների հետ և տեղեկացրել, որ ինքը սպանության հետ կապ չունի։ Ծրագրավորողը կասկածում է, որ զոհը հենց ինքը պիտի լիներ, իսկ Ֆաուլին սխալմամբ են կրակել՝ իր փոխարեն։
 

Նա համոզված է, որ այդ ամենի հետևում Բելիզի իշխանություններն են։ Ավելի վաղ, այս տարի, ոստիկանությունը նրան մեղադրել թմրանյութերի արտադրության, ինչպես նաև անօրինական զենք պահելու համար։


Wired-ը ենթադրում է, որ եթե անտիվիրուսի հեղինակն իրոք մասնակից է հանցագործության, ապա դրա պատճառը կարող էին լինել շները։ Նրա 6 սիրելի շները շաբաթ առավոտյան թունավորվել էին և չի բացառվում, որ ծրագրավորողը դրա մեջ մեղադրել է հարևանին և վրեժ լուծել։