Նախիջևանի 219 եկեղեցիները, վանքերն ու մատուռներ հիմնահատակ ոչնչացված են. հուշարձանագետ
Նախիջևանում ժամանակին եղել է 219 միավոր հայկական վանք, եկեղեցի ու մատուռ, որոնք այժմ հիմնահատակ ոչնչացված են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, ով ներկայացնում էր «Նախիջևան» նոր քարտեզագիրքը:
Քարտեզագիրքը հրատարակվել է երկու լեզվով` անգլերեն և հայերեն` յուրաքանչյուրը 1000-ական օրինակով: Այն մեր երկրամասին վերաբերող 15-20 դարերի քարտեզների հավաքածու է: Նախապատվությունը տրվել է հատկապես օտարազգի հեղինակների մշակած քարտեզներին, այն նպատակով, որ օտարազգի հեղինակների գործերը փաստեն, որ Նախիջևանը հայկական երկրամաս է:
«Քարտեզագրքի առաջին բաժինն ընդգրկում է եվրոպացի հեղինակների քարտեզները, իսկ երկրորդ բաժինը` հայ: Գիրքը սկսվում է Նախիջևանի ֆիզիկական քարտեզով: Կարևորվել են 1914 թվականի մարդահամարի տվյալները, որով ստեղծվել է ազգաբաշխական քարտեզը, որի վրա կարմիր կետերով ցույց են տրվում հայաբնակ վայրերը, որոնք վերջնականապես հայաթափ եղան 1988-89 թթ. բռնագաղթումների ժամանակ»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Քարտեզագրքում ամփոփված քարտեզներն առանձին-առանձին ներկայացնում են Նախիջևանի պատմությունը, մշակութային օջախները, կրթօջախները, գրչօջախերը:
«Բացի հայկական դպրոցներից ներկայացված են նաև պետական և մահմեդական դպրոցները, որոնք, հակառակ նրանց գյուղերի բազմությանը, շատ քիչ են` ընդամենը երեք դպրոց Օրդուբադում և երկու դպրոց Նախիջևանում, որոնք ստեղծվել են պետության կողմից: Հետաքրքիրն այն է, որ հայկական ծխական դպրոցները պահպանվել են եկեղեցու միջոցներով, իսկ պետական դպրոցների գոյությունը՝ ցարական»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Հուշարձանագետն ասում է, որ քարտեզում կարևորություն է տրվել քրիստոնեական պաշտամունքային հուշարձաններին, որոնք այսօր ոչնչացված են: « Մի քանի էջեր նվիրված են մեր օրերի մշակութային եղեռնին, և համեմատության համար քարտեզագրքի մի հատվածում ներկայացված է տեղանքում եղած հայկական եկեղեցին, իսկ դրան զուգահեռ «Google Earth» ծրագրով ֆիքսած դատարկ տարածքը»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Քարտեզագրքում ներկայացված են նաև մահմեդական հուշարձանները: «Հասկանալու համար, թե Նախիջևանում բացի հայկական նյութական մշակույթի հուշարձաններից, այլազգի ինչ հուշարձաններ կան, կարիք զգացվեց նաև Նախիջևանի մզկիթների քարտեզ նույնպես կազմել: Եվ երբ համեմատվում է հայկական եկեղեցիների քանակը, կառուցման ժամանակը, տեսնում ենք, որ դրանք 19-րդ դարի վերջին կամ 20-րդ դարի սկզբին կառուցված կառույցներ են»,- ասաց Սամվել Կարապետյանը:










