Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին. Ռ. Քոչարյան

12:50 • 13.11.12

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2rd.am կայքի միջոցով արտահայտել է իր վերաբերմունքը կառավարման խորհրդարանական համակարգի և ԱԺ 100 տոկոս համամասնական ընտրակարգի վերաբերյալ, ինչի շուրջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ այժմ քաղաքական խորհրդակցություններ են ընթանում ԲՀԿ-ի և այլ քաղաքական ուժերի միջև։ Քոչարյանը նաև պատասխանել է այդ նախաձեռնությունում իր մասնակցության մասին տարածված լուրերի վերաբերյալ հարցին:

 

«Եթե ես խորհրդարանական կառավարման համակարգի համոզված կողմնակիցը լինեի, ապա, հավանաբար, այն Հայաստանի Հանրապետությունում կգործեր արդեն 2005 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո, որի նախաձեռնողը հենց նախագահն էր: Պետությունը ապաշնորհ կամ իմաստուն կարելի է ղեկավարել ինչպես նախագահի աշխատասենյակից, այնպես էլ` վարչապետի: Ինչքան ասես այդպիսի օրինակներ կան համաշխարհային պրակտիկայում: Հարցը ոչ թե կառավարման ձևի մեջ է, այլ զսպման և հակակշիռների ճիշտ համադրության, գործող քաղաքական կառուցվածքի կիրառելիության, ավանդույթների և քաղաքացիական հասարակության հասունության»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:

 

Նա նաև կարծիք է հայտնել, որ 2005թ. սահմանադրական հանրաքվեն նշանակալիորեն ընդլայնել է կառավարության լիազորությունները, իսկ իրականում կառավարության դերը զգալիորեն նվազել է:


««Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջարկությունը ավելի շուտ արձագանք է երկրում ձևավորված` իշխանության տարբեր ինստիտուտների իրական իրավունքների և սահմանադրական պատասխանատվության հարաբերությունների ակնհայտ անհամաչափությանը: Վերջինիս երկարաժամկետ բացասական հետևանքները զգալի են արդեն այսօր: Ի դեպ, կառավարման կիսանախագահական եղանակն այդ արատն իր մեջ կրում է անգամ զարգացած ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում (օրինակ, քչերն են հիշում, թե ով էր Ֆրանսիայի վարչապետը նախագահ Սարկոզիի օրոք)»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:


Նա նաև իր անձնական համակրանքն է արտահայտել ամերիկյան մոդելի նկատմամբ, որտեղ նախագահը գլխավորում է գործադիր իշխանությունը, ուղղակի պատասխանատվություն կրելով նաև տնտեսության համար, իսկ խորհրդարանն ունի վերահսկողության հզոր լծակներ: Սակայն, ըստ Քոչարյանի, եվրոպական ավանդույթները պառլամենտարիզմի ավանդույթներ են, իսկ Հայաստանը եվրոպական քաղաքական գործընթացների շրջանակներում է:


Քոչարյանը նշել է նաև, որ այդ կերպ խորհրդարանական կառավարումը նշված անհամաչափությունների խնդիրը նկատելիորեն մեղմում է:


Խորհրդարանի ձևավորման 100 տոկոսանոց համամասնական կարգին անցման մասին Ռ. Քոչարյանն ասել է հետևյալը. «Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին` ընտրատարածքների սահմաններում, ընդ որում իշխանությունը կամա թե ակամա աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման: Երևույթը չափազանց վնասակար է, և որքան շուտ դրանից հրաժարվենք` այնքան լավ: Իմիջիայլոց, հենց այդ պատճառով մեծամասնական պատգամավորների թիվը մեզանում բազմիցս կրճատվեց: Ափսոսում եմ, որ ես չավարտեցի այդ գործընթացը: Ինչո՞ւ չավարտեցի: Հասարակ պատճառով. իշխանությունն ուզում էր «ֆորա» ունենալ միամանդատ ընտրատարածքներով»:


Քոչարյանը, պարզաբանելով«փոքրիկ հարցազրույց» տալու իր դրդապատճառները, ասել է, որ իր ցանկությունն էր հստակ արտահայտել այդ կարևոր հարցի նկատմամբ իր վերաբերմունքն առաջին հերթին այն պատճառով, որ եթե ինքը դա չանի, ապա սկսելու են գուշակություններով զբաղվել, և հետո այն պատճառով, որ այդ հարցի նախաձեռնման հետ ինքը առնչություն չունի:


«Հատկապես այն «խելամիտներին», այսինքն` նրանց, ովքեր ամենուր իմ ստվերն են փնտրում, կառաջարկեի` լավ բացել աչքերը, որպեսզի վերջապես տեսնեն, որ ԲՀԿ-ում հավաքվել է քաղաքական թիմ, որն ի զորու է ինքնուրույն ձևավորել կուսակցության քաղաքական օրակարգը»,- եզրափակել է նա: