Իրավիճակը Սիրիայում. բանակը մաքրում է մայրաքաղաքի արվարձանները

23:56 • 13.11.12

Դամասկոսի հարավային արվարձաններում Սիրիայի բանակը ավարտին է հասցնում Թադամուն շրջանի մաքրումը, որտեղ վերջին 48 ժամվա ընթացքում կատաղի մարտեր էին ընթանում քաղաք ներխուժած ընդդիմադիր զինված խմբավորումների դեմ, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:


Գործակալության փոխանցմամբ, Բանակային ստորաբաժանումները և ինքնապաշտպանության ջոկատները հետապնդում են նահանջող գրոհայիններին Դամասկոսի մոտակայքում, մայրաքաղաքից 7 կմ դեպի հարավ, և պաղեստինյան Յարմուկ ճամբարում:


«Սիրիական ազատ բանակի» դեմ գործողություններ են ընթանում Դամասկոսից հյուսիս` Զամալկ, Սաքբե և Խամուրի բնակավայրերում:


Սպասվում է, որ մոտ ժամերին Խարաստա քաղաքը սիրիական բանակի հրամանատարության կողմից «գրոհայիններից ամբողջովին ազատագրված» կհայտարարվի:


Միևնույն ժամանակ, Սիրիայի բանակի աղբյուրը հերքել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի հաղորդումն այն մասին, որ ընդդիմադիրները գրավել են Բեյթ-Նամեի ՀՕՊ ռազմաբազան: Այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:


Ուժգին պայթյուններ են տեղի ունեցել Խամոս քաղաքում և Դամասկոսի մոտակայքի առողջարանային Նաբա էլ-Ֆիջի բնակավայրից: «Ալ Մայդին» հեռուստաալիքի տեղեկություններով, ահաբեկչությունների հետևանքով զոհվածների և վիրավորների շարքում շատ են խաղաղ բնակիչները:


Եփրատ գետի վրա գտնվող Ռաքքա քաղաքում (Դամասկոսից 550 կմ դեպի հյուսիս) ահաբեկիչները այսօր ռումբ են պայթեցրել քրիստոնեական եկեղեցու մոտ: «Սուրիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ եկեղեցու հովիվը վիրավոր է, համայնքի անդամների շարքում տուժածներ կան:


Դեպքի վայր ժամանած՝ այդ նահանգի նահանգապետը հերքել է արաբական ԶԼՄ-ների տարածած՝ ահաբեկչության հետևանքով իր «մահացու վիրավորվելու» մասին լուրերը: