Ֆրանսիան սիրիական ընդդիմությանը զենք կմատակարարի և բնակչությանը կպաշտպանի, երբ այն կառավարություն ձևավորի. Ֆրանսուա Օլանդ
Ֆրանսիան կվերանայի իր որոշումը սիրիական ընդդիմությանը զենք չմատակարարելու մասով այն բանից հետո, երբ ընդդիմադիր կոալիցիան ստեղծի ժամանակավոր կառավարություն, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
«Ինչ վերաբերվում է զենք մատակարարելու հարցին, Ֆրանսիան դրան դեմ էր, քանի դեռ հստակ չէր, որ այդ զենքը չի հայտնվի այնտեղ, որտեղ այն անհրաժեշտ է և ցանկալի: Կոալիցիայի հետ, երբ այն լեգիտիմ կառավարություն դառնա, այդ հարցը կրկին կդրվի բոլոր երկրների առջև, որոնք ճանաչում են այդ կառավարությունը», - հայտարարել է Օլանդը լրագրողներին:
Նա նաև նշել է, որ Ֆրանսիան մտադիր է օգնել, ընդդիմության վերահսկողության տակ գտնվող այսպես կոչված «ազատագրված գոտիներում» բնակչության պաշտպանության հարցում:
Սակայն, միևնույն ժամանակ, Օլանդը հերքում է առանց ՄԱԿ-ի մանդատի ինտերվենցիայի հնարավորությունը:
«Ինտերվենցիան հնարավոր է միայն ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշմամբ, այսօր այն հնարավոր չէ, քանի որ, մասնավորապես, Ռուսաստանը դրան դեմ է հանդես գալիս: Դրա համար մենք կգործենք քաղաքացիական հասարակության պաշտպանության օգտին: Ազատ գոտիները հաստատվել են ամենուրեք, և դրանք ընդդիմադիր կառավարության իրավասության տակ պետք է պաշտպանված լինի», - ասել է Ֆրանսիայի նախագահը:










