The National-ի անդրադարձը սիրիահայ համայնքին ու փախստականների խնդիրներին
Արաբական Միացյալ Էմիրություններում լույս տեսնող The National պարբերականն անդրադարձել է սիրիահայությանն ու Հայաստանում հաստատված սիրիահայերին և պատմել նրանց ապրելակերպի մասին։
Լայնածավալ հոդվածը հեղինակ Ջասթին Վելան սկսել է Ասմարյանների ընտանիքի պատմությամբ, ովքեր այս տարվա սեպտեմբերին, 9 մեքենաներից բաղկացած շարասյան հետ դուրս են եկել բախումների կենտրոն դարձած Հալեպից և Թուրքիայի ու Վրաստանի ճանապարհով հասել Հայաստան։
«Տեսարանը նրանց հիշեցնում էր նաև Հայոց ցեղասպանությունը, երբ 1915թ.-ին Օսմանյան թուրքերը կոտորեցին միլիոնավոր հայերի և նրանց սերունդներին անվտանգության համար փախցրեցին Սիրիա»,-գրում է պարբերականը։
«Իմ նախահայրերը սպանվել են այդ ժամանակ։ Մենք նայում էինք թուրքերին՝ որպես թշնամիներ, որոնք ցանկանում էին կործանել մեզ... Եվ ցավոք, ես ինձ երջանիկ զգացի, երբ տեսա նրանց դրոշը»,-պատմում է Ասմարյանը։
Նա ասում է, որ գիտեր՝ եկել է Սիրիան լքելու ժամանակը։
Նրանք Թուրքիայի միջոցով, ապա՝ Վրաստանի, հասել են հայրենիք՝ Հայաստան՝ որպես փախստական։
Պարբերականը մեջբերել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքերը, ով ասել է, որ շուրջ 20 ամիս շարունակվող հակամարտության ընթացքում 6 000 սիրիահայ փախստական է ժամանել Հայաստան։
Հայաստանի կառավարությունը նրանց ժամանելուն պես մուտքի արտոնագիր է տրամադրել, ճանաչել է նրանց վարորդական վկայականները, արագացրել անձնագրերի տրամադրումը՝ երկքաղաքացիության մասին օրենքի շրջանակներում։
Երևանյան դպրոցը սիրիահայ երեխաների համար դասընթացներ է առաջարկում՝ սիրիական ծրագրով։
Հրանուշ Հակոբյանն ասել է, որ Հայաստանի կառավարությունը սահմանափակ ապաստաններ ունի, քանի որ դրանք արդեն լի են տեղի և Իրաքից ու Սիրիայից ժամանած հայերով։
«Մարդիկ աշխատանքի և վարձով բնակարանների խնդիր ունեն։ Դա մեծ խնդիր է մեր երկրի համար»,-ասել է նախարարը։
Պարբերականը հիշեցնում է, որ Սիրիայում բնակվող մոտ 85.000-100.000 հայ համայնքն ամենամեծն է Մերձավոր Արևելքում։Շատերն այնտեղ թողել են բիզնեսը, գույքը, որոշ դեպքերում էլ՝ խոշոր խնայողություններ Սիրիայի բանկերում։
Միջազգային պատժամիջոցների և Սիրիայի կենտրոնական բանկի քաղաքականության արդյունքում դժվարություններ են ստեղծվել գումարը երկրից հանելու համար։
Ասմարյանը միակն է եղել սիրիահայերից, ով համաձայնվել է The National-ին հարցազրույց տալ՝ հրապարակելով իր անունը։Շատերը թեև Սիրիայից դուրս են, սակայն մտահոգվում են այնտեղ ապրող իրենց ընտանիքների անդամների համար և չեն ուզում վտանգել իրենց ունեցվածքը։
«Սիրիահայերն այստեղ վախենում են ռեժիմի հետախուզական գործակալներից»,-ասում է 23-ամյա մի սիրիահայ, ով մոր և հոր հետ արդեն 14 շաբաթ է Երևանում է։
Հեղինակը նշում է, որ փախստականներից շատերն ապրում են իրենց հարազատների մոտ, ովքեր Հայաստան են տեղափոխվել մինչև հակամարտության սկիզբը և դիմակայում են բազմաթիվ մարտահրավերների և խոսում «տարբեր հայերենով»։ Նրանք մտադիր են երկրում մնալ այնքան ժամանակ, մինչև այլ երկրի վիզա ստանան։
22-ամյա մի երիտասարդ, ով Հալեպի Միդան թաղամասում խանութ է ունեցել, բնակվում է իր քեռու տանը, մոր և 20-ամյա եղբոր հետ։ Նա կարողացել է աշխատանք գտնել գործարանում և ստանում է մոտ 200 դոլար։
«Ես դեռ սիրևում եմ իմ նախագահին»,-ասում է նա։ Նա և նրա մայրը գնահատում են տնտեսական այն սուբսիդիաները, որը տրամադրում էր Բաշար ալ-Ասադի ռեժիմը, օրինակ՝ բրնձի կամ շաքարավազի համար։
Այլ սիրիահայեր ասում են, որ համայնքն ալ- Ասադի ռեժիմի օրոք ազատորեն կարողացել է եկեղեցիներ և դպրոցներ ունենալ։
Շատ սիրիահայեր ասում են, որ նախընտրում են Ասադի ռեժիմը, որտեղ կրոնները միասին են գոյատևում, և հակամարտության համար մեղադրում օտարներին։
«Համաշխարհային պատերազմ է Սիրիայում»,-ասում է նրանցից մեկը՝ նշելով, որ ահաբեկիչները մտել են Սիրիա՝ զենքերով և ռումբերով։
Չնայած հոդվածագրի բոլոր զրուցակիցները Սիրիա վերադառնալու ցանկություն են հայտնել, սակայն մտավախություն ունեն, որ հակամարտությունը վտանգել է Սիրիայի բազմազգ ինքնությունը։
«Այժմ մտածում եմ, երբ իրավիճակն ավելի ապահով դառնա, պետք է գնամ, վաճառեմ ամեն ինչ և վերադառնամ այստեղ»,-ասում է մեկ այլ սիրիահայ։
Ասմարյանների ընտանիքը չի պլանավորում վերադառնալ Սիրիա։ Նրանք հնարավորություններ են փնտրում Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու համար և նախատեսում են այնտեղ զեյթունի ծառեր աճեցնել և գյուղտեխնիկա գնել։
«Այստեղ ապահով է։ Երբ մենք լսում ենք պայթյունի ձայնը, մենք գիտենք՝ դա ամուսնություն է (նկատի ունենալով հրավառության ձայնը-Tert.am) և ոչ կռիվ»,-ասում է Ասմարյանը։










