«Տիտանիկ»-ի թանկարժեք զարդերը կներկայացվեն ԱՄՆ-ում (լուսանկարներ)

10:43 • 13.11.12

Ամերիկյան Ատլանտա քաղաքում (Ջորջիա նահանգ) նոյեմբերի 16-ին կբացվի մի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն լեգենդար «Տիտանիկ» նավի կործանման վայրում հայտնաբերված թանկարժեք զարդերը, հայտնում է Вести-ն՝ վկայակոչելով  ցուցադրության կազմակերպիչ Premier Exhibitions ընկերությանը, ում պատկանում են «Տիտանիկ»-ի բոլոր գտածոները։

 

Ինչպես պատմել է ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Քլինդելհոֆերը՝ ցուցադրությանը ներկայացված կլինի 15 իր՝ ադամանդյա և շափյուղյա մատանիներ, մազակալներ, վզնոցներ, ճարմանդներ և գրպանի ժամացույցներ։

 

Օվկիանոսի հատակից 1987թ. դուրս բերված բոլոր զարդերը գտնվել են մեկ կաշվե պայուսակի մեջ։ Հավանաբար, երբ «Տիտանիկ»-ը սկսել է խորտակվել, նավի գանձապահը բոլոր թանկարժեք զարդերը դրել է պայուսակի մեջ՝ հետագայում վերադարձնելու նպատակով։

 

Որոշ զարդեր նախկինում արդեն ցուցադրվել են տարբեր ցուցադրությունների շրջանակում, սակայն Ատլանտայում դրանք առաջին անգամ կներկայացվեն միասնական հավաքածուով։ Ցուցահանդեսը կտևի մինչև 2013թ. հունվարի 6-ը, որից հետո կտեղափոխվի Օրլանդո (Ֆլորիդա նահանգ), իսկ այնուհետև Լաս Վեգաս (Նևադա նահանգ)։

 

Ապրիլին Ատլանտայում բացվել էր «Տիտանիկ»-ի գտածոների ցուցահանդեսը՝ նվիրված հայտնի նավի կործանման 100-րդ տարելիցին։