Ընտանեկան բռնությունների հարցով ոստիկանությունում 400 հայ ընտանիք է հաշվառված
Վերջին տվյալներով Ոստիկանությունում ընտանեկան բռնությունների հարցով 400 ընտանիք է հաշվառված։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության կյանքի ապահովության վարչության պետի տեղակալ, գնդապետ Արամ Սմբատյանը` «Ընտանեկան բռնության» մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Հայաստանի Հանրապետությունում դեռևս չի գործում ընտանեկան բռնություններն այլ բռնություններից դասակարգելու օրենք: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Արմինե Թամաշյանի փոխանցմամբ, նախարարությունը նախաձեռնել է «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը:
«2011թ. Կառավարության կողմից հաստատվեց «Ընդդեմ բռնության» ծրագիրը, որը նախատեսում է մինչև 2015թ. երեք հիմնական ուղղություններով միջոցառումների ծրագիր իրականացնել: Հիմնական ուղղություններն են բռնությունների կանխումը, կանխարգելումը և արդեն բռնության ենթարկված տուժողի ապաքինումը, պաշտպանությունը»,- ասաց Արմինե Թամաշյանը:
Ըստ նախարարության ներկայացուցչի` հայկական իրականության մեջ փոփոխություններ կարելի է նկատել, հասարակությունը սկսել է արձագանքել այդ երևույթին, մամուլի էջերում հաճախ արդեն հանդիպում ենք բռնությունների մասին պատմող, և դրանք քննադատող հոդվածների, ավելի ակտիվ սկսել է արձագանքել Ոստիկանությունը:
«Կարևոր քայլ է այս հարցում կանխարգելումը, որը նշանակում է պայքարել այն բոլոր երևույթների դեմ, որոնք ծնում են բռնության երևույթը: Հասարակությունը պետք է տեղեկացված լինի, որ դա մարդու իրավունքների խախտում է: Երկրորդ կարևոր հարթակը կրթությունն է: Փոքր տարիքից երեխաները պետք է իմանան, որ մեկը մյուսի նկատմամբ բռնություն չեն կարող կիրառել: Կանխող միջոցառումներ իրականացնում են նաև առողջապահական մարմինները»,- ասաց Արմինե Թամաշյանը:
Այժմ Հայաստանի Հանրապետությունում գործում են երեք գաղտնի ապաստարաններ, որտեղ, մինչև բռնարարին հանդարտեցնելը կարող են ժամանակավոր կացարան ստանալ ընտանեկան բռնության ենթարկվածները, որոնց հետ աշխատում են հասարակական կազմակերպությունները, մատուցում են տարբեր ծառայություններ` հոգեբանական, բարոյական:
«Կանանց ռեսուրսային կենտրոնի» տնօրեն Լալա Ահարոնյանի կարծիքով «Ընտանեկան բռնության» մասին օրենքի բացակայությունը խոչընդոտում է ճիշտ և արդար ձևով պաշտպանելու մարդկանց իրավունքները:
«Չկա վիճակագրություն, թե տարեկան քանի կին է ենթարկվում բռնության, քանի որ չկա նման օրենք: Բոլոր դեպքերը գրանցվում են բռնության անվան տակ: Սա կարևոր խնդիր է ոչ միայն մեր հասարակության մեջ, այլ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ օրենքը անցկացվի և նաև գործի, քանի որ օրենքի միայն գոյությունը բավարար չէ: Պետք է աշխատենք իրազեկությունը բարձրացնել, վերապատրաստել ոստիկանությանը, փաստաբաններին և այլն: Մենք ընտանեկան բռնության շատ դիմումներ ենք ստանում և ուղղորդում ենք համապատասխան կազմակերպություններ, որտեղ կանանց տրվում է օգնություն»,- ասաց Լալա Ահարոնյանը:
Օրենքի նախագծի մշակմանը աջակցել է նաև ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, որը 2009-ից ուսումնասիրություններ է անցկացել 6400 անձանց շրջանակներում, և արձանագրել, որ մարդիկ չեն ցանկանում բռնության մասին ազատ խոսել:










