Հորդանանում բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել՝ ընդդեմ վառելիքի թանկացման

10:22 • 14.11.12

Հորդանանի տարբեր քաղաքներում, նաև մայրաքաղաք Ամմանում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարել է վառելիքի գնի թանկացման մասին, տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը։

 

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են Աբդալլա ալ-Նուսուրի կառավարության հրաժարականը, որը ձևավորվել էր մեկ ամիս առաջ։

 

Փողոցային ցույցերը որոշ վայրերում վերաճել են անկարգությունների։ Անվտանգության ուժերը դեռ չեն ցրում ցույցերը, սակայն Իրբիդում ցուցարարները ոստիկանական բաժանմունք են հրկիզել։


Երկրի վարչապետը երեկ հայտարարել էր ձմռան ընթացքում տները ջեռուցելու համար օգտագործվող մազութի գինը 28%-ով ավելացնելու մասին, 54%-ով ավելացել է նաև բալոնով գազի գինը, իսկ բենզինի գինը՝ 14%-ով։
 

Հորդանանում «արաբական գարնան» ալիքը հասել էր 2011թ.-ի մարտին։ Այդ ժամանակ անվտանգության ուժերն ուժ գործադրեցին, ինչի հետևանքով վիրավորվեցին հարյուրավոր ցուցարար-ուսանողներ։


Աբդալլա 2-րդ թագավորին, սակայն, հաջողվեց հանդարտեցնել ժողովրդին՝ խոստանալով հիմնարար փոփոխություններ։