Մսամթերքի և կաթնամթերքի գները կբարձրանան. ՀԿ նախագահ
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հայաստանում 2013-ին սպասվում է մսամթերքի ու կաթնամթերքի գնաճ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա կարծիքով՝ այս տարի օդի հարաբերական խոնավության պակասի պատճառով կանաչ տարածքներ շատ չեղան, և գյուղացիները, ովքեր անասնապահությամբ են զբաղվում, անասնակերի լուրջ խնդիր կունենան: «Անցած տարվա համեմատ 50 տոկոսից պակաս անասնակեր ունենք այս տարի կուտակած: Արդեն կնկատենք գլխաքանակի կրճատում, իսկ մյուս տարի մսի գների և կաթնամթերքի գների բարձրացում: Անասնակերի շատ խիստ պակաս է նկատվում հատկապես՝ Արարատյան հարթավայրում»,- ասաց Հրաչ Բերբերյանը:
«Ագրարագյուղացիական միավորման» նախագահը ծղոտով անասուններին կերակրելն ու նրանցից «օգուտ» ակնկալելն ապարդյուն է համարում: «Պատասխանատու այրերը, որոնք պետք է այս գործի համար սրտացավ լինեին, լրատվական միջոցներին հայտնել են, թե այնքան շատ ծղոտ են կուտակել, որ անասնակերի խնդիր չեն ունենա: Ուզում եմ խորհուրդ տալ «տգետներին», որ ծղոտը անասնակեր չէ, այլ ծավալային կեր է, և ծղոտի արդյունքը չի բերի մսի, կաթի արտադրության»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը:
Մորթի ավելի ինտենսիվ պատկեր կտեսնենք նոյեմբերի վերջին - դեկտեմբերի սկզբին: Այդ մասին հավաստում է Հրաչ Բերբերյանը. «Մեր հաշվարկներով գլխաքանակը կկրճատվի 15-20 տոկոսով: Հիմա կէժանանա միսը, մեծ մորթ կլինի, մսի ինքնարժեքի մեծ անկում կլինի, որը հաջորդ տարի կանդրադառնա մսի գնի բարձրացմանը»:
Անասունների գլխաքանակի կրճատման խնդրից բացի, Հրաչ Բերբերյանը անդրադարձավ նաև կաթի փոշիով աշխատող կաթնամթերք արտադրողներին, և կարծում է, որ անասնագլխաքանակի կրճատումը կբերի փոշի կաթի քանակի ներմուծման մեծացման: «Պետական ծրագրերով մեզ մոտ լուրջ գումարներ են ծախսվում` հոտի բարելավման հետ կապված: Ցավոք սրտի, վերջին քսան տարվա ընթացքում որքան գումար է ծախսվել, դրա արդյունքը չենք տեսել, իսկ այդ ընթացքում միջին կաթնատվությունը պետք է կրկնապատկվեր: Հանրապետությունում միջին կաթնատվությունը 2.5-3 տոննա պետք է լիներ, իսկ հիմա 2 տոննային չի մոտենում»:
Խոսելով սիբիրախտի մասին, Հրաչ Բերբերյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ եկել է ժամանակը, որ քրեական պատասխանատվության ենթարկեն այս գործի պատասխանատուներին` պետպատվերի հետ կապված աշխատանքի թերացումների համար: «Դա միայն ու միայն անփույթ աշխատանքի արդյունք է, որ պատվաստումները անորակ են արվել կամ ընդհանրապես չեն արվել: Նախարարության անասնաբուժական այն բլոկը, որը մատների արանքով է նայել աշխատանքին կամ անբարեխիղճ է գտնվել, կարծում եմ, պետք է խստորեն պատժվի: Կարևոր եմ գտնում նախարարությունում հանձնաժողով ստեղծելը, որը կզբաղվի հետաքննությամբ` ինչպես ցորենի հետ կապված, այնպես էլ սիբիրախտի»,- ասաց Հրաչ Բերբերյանը:










