Շուշան Պետրոսյանը կողմ է, եթե մարզերից «պոկված, բերված» հուշարձանները ցուցադրվելու են և անվնաս վերադարձվեն

15:46 • 14.11.12

ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը դեմ է ՀՀ մարզերից Հայաստանի պատմության թանգարան մի քանի տասնյակ անշարժ հուշարձաններ տեղափոխելու Կառավարության որոշմանը, եթե այդ հուշարձանները «պոկվում, բերվում են», սակայն կողմ է, եթե դրանք ցուցադրելու են և անվնաս վերադարձվեն:


«Եթե ապահով բերվում է միայն ցուցադրվելու համար և ապահով էլ տարվում, ես նորմալ եմ համարում, իսկ եթե բուն տեղից պոկում բերում են, ես համաձայն չեմ այդ որոշմանը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Իսկ երբ տեղեկացավ, որ դրանք արդեն իսկ բերվել են և 4 տարի էլ ցուցադրվելու են, ասաց, որ պետք է տեսնի այդ հուշարձանները՝ «թերևս նոր միայն կարծիք հայտնի»:


Անդրադառնալով Փակ շուկայի շինարարությանը, ապա պատգամավորը նշեց, որ ինչպիսին շենքը եղել է, այդպիսին մնալու խոստում տրվել է: «Շուկան պետք է վերականգնվի նույն ձևով՝ քար առ քար և ոչ մի փոփոխություն չլինելու դեպքում կարդարացնի այդ որոշումը: Ինքս Թերլեմեզյանի ուսանող եմ եղել 80-ականներին և երբ սովորում էի, գնում էինք այնտեղից միրգ առնելու և նատյուրմորտ նկարելու, առնետների քանակը և կոյուղին իսկապես չափազանց քայքայված էր: Եվ եթե դա արվում է ի նպաստ այդ շենքը վերականգնելու՝ միայն երկու ձեռքով կողմ եմ, իսկ այդպիսի խոստում տրվել է»,- ասաց նա:

 

Հակառակ դեպքում նա հավատացրեց, որ կկանգնի բոլոր դժգոհողների կողքին: Ի դեպ, Շուշան Պետրոսյանը դեմ չէ շուկայի փոխարեն հերթական սուպերմարկետին, և նշեց, որ հույս ունի, որ այդտեղ իրենց տեղը կունենան նաև շուկայի կանգնողները: Ավելին, նա հույս ունի, որ շուկայի սեփականատերը Փակ շուկան բացի սուպերմարկետից նաև մի մասը ծառայեցնի որպես շուկա: «Շուկայի այդ մասը կարող է մնալ, որովհետև շենքն այնքան մեծ է»,-ասաց նա: