The Beatles-ի մասին նոր ֆիլմ՝ երկրպագուների ձայնագրությունների հիման վրա
Apple Corps ընկերությունը հավանություն է տվել «The Beatles Live!» վավերագրական ֆիլմի ստեղծմանը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով նախագծի պաշտոնական կայքում տեղադրված մամուլի հաղորդագրությանը։
Նախագծի գաղափարը հետևյալն է՝ մեկ ֆիլմում հավաքել The Beatles-ի համերգային բացառիկ ձայնագրությունները, անհայտ հարցազրույցներից հատվածներ և այլ նյութեր, որոնք կապ ունեն լեգենդար քառյակի հետ։
Ֆիլմը ստեղծող OVOW ընկերությունը պատրաստվում է զբաղվել արխիվային ձայնագրությունների փնտրտուքներով։ Այն դիմել է նաև խմբի երկրպագուների օգնությանը, ում հավաքածուներում կարող են պահպանված լինել համերգների ժամանակ արված սիրողական ձայնագրություններ։
Ֆիլմի հեղինակներին հետաքրքրում են 1963թ. հոկտեմբերից մինչև 1966թ. ընկած ժամանակահատվածի ձայնագրությունները։ 1966թ. օգոստոսի 28-ին խումբը տվել է իր վերջին լիարժեք համերգը Սան Ֆրանցիսկոյի Candlestick Park մարզադաշտում։
Նյութերի հավաքագրումը սկսվել է այսօր և կտևի մինչև տարեվերջ։ Բոլոր ցանկացողները կարող են ձայնագրություններն ու լուսանկարները տեղադրել նախագծի կայքում։










