Սերժ Թանկյանն ու Արտո Թունջբոյաջյանը մասնակցել են ԱՄՆ-ում սիրիահայերին նվիրված համերգին

12:30 • 15.11.12

ԱՄՆ-ում նոյեմբերի 11-ին անցկացվել է սիրիահայերին նվիրված «Հայ էյդ» խորագրով համերգը, որի կարգախոսն է եղել «Մեկ սիրտ, մեկ ոգի, միանանք ու օգնենք», հայտնում է Asbarez-ը։


Համերգի կազմակերպիչներն են եղել Սիրիահայության օգնության միացյալ մարմինն ու «Արվեստագետները երեխաների համար» կազմակերպությունը։

 

Ֆասադենայի «Սիվիք Օուդիթորիում»-ում սիրիահայերին նվիրված բարեգործական համերգին մասնակցել են հայ երգիչներ, երաժիշտներ ոչ միայն ԱՄՆ-ից, այլև Հայաստանից ու Ֆրանսիայից։

 

Ռուբեն Հախվերդյան, Սերժ և Խաչատուր Թանկյաններ, Արտո Թունջբոյաջյան, Լիլիթ Պիպոյան, Վիգեն Դարբինյան, Սեպուհ Սիմոնյան և այլք իրենց կատարումներով զորակցություն են հայտնել սիրիահայերին։

 

Համերգի ընթացքում հայտարարվել է, որ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Սիրիահայության օգնության միացյալ մարմինը Սիրիայի հայ համայնքին կփոխանցի 250 000 դոլար։


Սիրիահայության օգնության միացյալ մարմինը ստեղծվել է սիրիահայերին օժանդակելու նպատակով, Արևմտյան Ամերիկայում գործող եկեղեցական, բարեգործական և կուսակցական կազմակերպությունների միասնական որոշմամբ՝ 2012-ի օգոստոսի 14-ին։