Այսօր Գինեսի ռեկորդների համաշխարհային օրն է

14:40 • 15.11.12

Գինեսի ռեկորդների համաշխարհային օրը (Guinness World Records Day) նշվում է նոյեմբերի երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը, հայտնում է РИА Новости-ն։ Ըստ այդմ՝ այս տարի այն նշվում է նոյեմբերի 15-ին։


Այս օրը հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում փորձում են որևէ ռեկորդ սահմանել, որպեսզի հայտնվեն Գինեսի ռեկորդների գրքի հերթական համարում։

 

Այս միջոցառումն ամենամյա է դարձել 2004թ.-ից հետո, երբ նույն տարում վաճառվել է գրքի 100 մլն օրինակ,  և այն արժանացել է «հեղինակային իրավունքով պաշտպանված աշխարհի ամենավաճառվող գիրք» տիտղոսին։

 

Գինեսի ռեկորդների գիրքը տեղեկատվական հրատարակություն է, որը պարունակում է յուրահատուկ երևույթների, մարդկության կարևորագույն ձեռքբերումների, համաշխարհային ռեկորդների, բնության մեջ հանդիպող զավեշտների մասին տվյալներ։


Գիրքն իր անվանումը ստացել է իռլանդական հայտնի գարեջրի ընկերության՝ Arthur Guinness Son & Co.-ի պատվին։

 Այն ստեղծելու գաղափարը պատկանում է ընկերության գործադիր տնօրեն Հյու Բիվերին, ով մի անգամ որսից հետո (1951թ.) ընկերների հետ վիճում է այն հարցի շուրջ, թե արդյոք ծովարտույտը համարվո՞ւմ է Եվրոպայի ամենաարագասլաց վայրի թռչունը։ Նման հարցեր հաճախ են տալիս գարեջրատների այցելուները, ովքեր մի բաժակ գարեջրի շուրջ քննարկում են հետաքրքիր իրադարձություններ, ռեկորդներ, մարզական հաջողություններ և հրաշքներ։ Եվ այդ ժամանակ Բիվերի մոտ գաղափար է առաջանում այնպիսի գիրք հրատարակել, որում հնարավոր կլինի գտնել այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպես, օրինակ, «Ո՞վ է ամենաարագը», «Ո՞վ է ամենահարուստը»։


Ռեկորդների առաջին գիրքը լույս է տեսել 1955թ. օգոստոսի 27-ին, Լոնդոնում, մի քանի հազար տպաքանակով։ Գիրքը բաղկացած էր ընդամենը 198 էջից, իսկ այն տպագրել էին եղբայրներ Նորիս և Ռոս Մաքվիրթերները։