Sotheby’s-ում աճուրդի կհանվի Այվազովսկու միանգամից 3 կտավ
Լուսանկարում պատկերված է «Բոսֆորով» կտավը
Բրիտանական Sotheby’s հեղինակավոր աճուրդի տունը ռուսական մշակույթի թեմային նվիրված աճուրդի շրջանակներում վաճառքի կհանի հայազգի տաղանդավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու միանգամից 3 կտավ, հայտնում է Euromag-ը։
Մասնավորապես, աճուրդի շրջանակներում կվաճառվեն «Գալաթական աշտարակը լուսնային գիշերը», «Լուսինը Ոսկե եղջյուր ծովածոցում» և «Բոսֆորով» աշխատանքները։ Բոլոր 3 կտավներում էլ ներկայացված է Կոնստանդնուպոլիսը, որը, ինչպես հայտնի է, ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Այվազովսկու համար։
Ինչ վերաբերում է կտավների գներին, ապա դրանք տատանվում են 126 000-ից 1,4 մլն դոլարի սահմաններում։ Աճուրդը կկայանա Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում՝ նոյեմբերի 26-ին և 27-ին։










