Այսօր մեկ թաս խմելու եմ էն մարդկանց հետ, ովքեր ինձ հետ կիսում են հայրենիքի սերը. Ռոբերտ Ամիրխանյան
Այսօր կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան տարեդարձն է:
Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է նշելու ծնունդը, Ռոբերտ Ամիրխանյանն ասաց. «Նշելու եմ իմ հարազատների հետ, ինձ համար չափազանց թանկ բան է մեկ ուրիշ մարդը, հոգևոր մարդը, էն մարդը, որ կիսում է ինձ հետ հայրենիքի սերն ու արժանապատվությունը: Նրանց հետ միասին մի թաս բան պետք է խմենք, ամեն մեկի հետ մի հատ, պատկերացրեք՝ ինչ է դառնում»:
Հանրահայտ «Երազ իմ երկիր, հայրենի», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Հայի աչքեր», «Այնպես ուզում եմ», «Քեզ հետ իմ սեր», «Երկու կռունկ», «Արևոտ անձրև» երգերի հեղինակ Ռոբերտ Ամիրխանյանը 16 խաղարկային և 30 անիմացիոն ֆիլմերի երաժշտության հեղինակ է: Դրանց թվում են՝ «Հեղնար աղբյուր», «Հայրիկ», «Տղամարդիկ», «Ջութակը՝ ջունգլիներում», «Մի կաթիլ մեղր», «Պույ-պույ մուկիկը», «Աբու Հասանի մաշիկները», «Աստղազարդ երկինք», «Խոսող ձուկը»:
Ռոբերտ Ամիրխանյանը ստեղծագործում է նաև դասական ժանրում. կոնցերտ նվագախմբի հետ՝ դաշնամուրի համար, «Բալլադ»՝ կոնցերտ նվագախմբի հետ, «Տարվա եղանակներ»՝ կոնցերտ դաշնամուրի համար, նվագախմբի հետ և այլն:
Խոսելով առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին ՝ Ռոբերտ Ամիրխանյանն ասաց, որ երեկ երեխաների հետ ձայնագրել է ռուս-հայկական փառատոնի հիմներգը, այս պահին աշխատում է մանկական երգերի ժողովածուի վրա, որը շուտով լույս կտեսնի:
«21 երգեր են՝ ոչ միայն մանկական, այլև հոգևոր: Պատրաստվում եմ կատարելու «Սիրո և խաղաղության» իմ կոնտատան»,- մանրամասնեց Ռոբերտ Ամիրխանյանը:
Հայ երաժիշտների ստեղծագործությունները աշխարհին ներկայացնելու համար՝ Հայաստանի կոմպոզիտորների միությունը, որն այս տարի տոնում է իր 80-ամյակը, երաժշտական փառատոներ է կազմակերպում:
Այս տարի անցկացվող հայ երաժշտության փառատոնը կազմված է ութ համերգաշարից, որոնցում ներառված են հայ կոմպոզիտորների բազմաժանր ստեղծագործություններ՝ կամերային, սիմֆոնիկ, երգչախմբային և գործիքային:
Մեզ հետ զրույցում Ռոբերտ Ամիրխանյանն առաջարկեց չմթագնել իր ծննդյանը օրը, ի պատասխան հարցի, թե կոմպոզիտորը չունի՞ տպավորություն, որ շոու բիզնեսի 6/ 8-երը ամբողջությամբ կլանել են հեռուստատեսային եթերը:
«Դա ի՞նչ ուղղություն է արվեստի մեջ, դա շուկայական բիզնես է»,- ասաց Ռոբերտ Ամիրխանյանը և ի պատասխան դիտարկման՝«որը կլանել է հեռուստատեսությունը», ասաց՝ «Ւսկ ո՞ր շուկան չի գրավել, ո՞ր հանցագործությունը, ո՞ր կաշառքը: էսօր դրա օրը չի, թույլ տվեք՝ ես իմ դարդով տապակվեմ»:










