Ի՞նչ կլիներ, եթե 1915թ.-ի իրադարձությունները տեղի չունենային. թուրք հրապարակախոսի նոր հոդվածը

14:46 • 16.11.12

Թուրք հայտնի լրագրող, հրապարակախոս Օրհան Քեմալ Ջենգիզը Today’s Zaman պարբերականի իր սյունակում հերթական գրառումը նվիրել է Կոստանդնուպոլսի և Ստամբուլի համեմատությանը և հարց բարձրացրել. «ի՞նչ կլիներ, եթե 1915թ.-ի իրադարձությունները չլինեին»։


Նա հիշել է իր մանկությունը, երբ բնակվում էին «հունական տանը», որն իր երկաթե դարպասներով ու բարձր առաստաղով տարբերվում էր շրջակայքի տներից։ Հիշել է, թե ինչպես էին հույն զբոսաշրջիկ կանայք հաճախ արտասվում այն տեսնելիս, և ինչպես էր իր մայրը ևս հուզվում։ Հոդվածագիրը նշում է, որ այդ ամենն ինքը հասկացել է ավելի ուշ։

 

«Եթե 1915թ.-ի ժողովրդագրական տոկոսային համամասնությունը պահպանվեր այսօրվա Թուրքիայում, ապա այժմ այստեղ կլիներ ոչ մուսուլման 18 մլն բնակչություն։ Փորձեք վիզուալ պատկերացնել, որ 18 մլն ոչ մուսուլման մարդ՝ հույներ, հայեր և հույներ, ապրեին Թուրքիայում։ Այդ ժամանակ արդյոք Թուրքիան այսպիսի՞ն կլիներ»,-հարցնում է Օրհան Քեմալ Ջենգիզը։

 

Նրա խոսքով՝ այդ ժամանակ իրենք ավելի ինքնավստահ կլինեին, կունենային ավելի մեծ թվով ոչ մուսուլման պատգամավորներ խորհրդարանում՝ ինչպես Օսմանյան պատգամավորական ժողովի ընթացքում, և չէին ունենա ո՛չ քրդական հարց, ո՛չ էլ «հիշողությունը կորցրած հասարակություն»։


«Օրինակ՝ մենք Հունաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ընթացքում չէինք պարզի պաստառ՝ «Ստամբուլը մինչև 1453թ.-ը» գրությամբ»,-ասում է նա, ապա մեջբերում ընկերոջ՝ Բեքիր Բերաթ Օզիփեքի խոսքերը. «Մենք հույն ֆաներին մեսիջ հղեցինք.մենք մեզ այս քաղաքի տերը չենք զգում։ Քաղաքը ձերն է, բայց մենք գրավել ենք այն»։

 

«Եթե երկրից չաքսորեինք ոչ մուսուլմաններին և քաջություն ու ազնվություն ունենայինք, չէինք վախենա պատմության հետ առերեսվելուց, չէինք վիրավորվի «Ստամբուլ» վահանակների վրա «Կոստանդնուպոլիս» տեսնելիս։ Մենք քաջություն կունենայինք Այասոֆիան որպես եկեղեցի-մզկիթ վերաբացելու, որտեղ քրիստոնյաներն ու մուսուլմանները խաղաղությամբ կաղոթեին»,-գրում է Օրհան Քեմալ Ջենգիզը։

 

Վերջինիս խոսքով՝ այդ դեպքում իրենք երախտագիտությամբ կհիշատակեին Ստամբուլի հայ ճարտարապետներին։ Կհիշեին ճարտարապետ Սինանին, ով Օսմանյան կայսրությանը բազմաթիվ հրաշալի գործեր է նվիրել, և ում անունն իրականում Արմեն Սինանյան է, ինչը խոսում է նրա հայկական արմատների մասին։ Կխոնարհվեին մեծ վարպետի առաջ՝ հարգելով նրա իրական ինքնությունը։


«Եթե մենք իրոք ինքնավստահություն ունենայինք, չէինք հերքի ոչինչ մեր անցյալի վերաբերյալ և հպարտությամբ կընդունեինք մեր երկրի մուսուլմանական և քրիստոնեական ինքնությունները։ Մենք չէինք փորձի սիրել Ստամբուլը՝ մերժելով դրա անցյալը։ Մեր այդ սերը նման չէր լինի այնպիսի դաժան սիրո, երբ տղամարդը միայն ֆիզիկապես է սիրում կնոջը։ Եթե մենք ազնիվ լինեինք, ավելի շատ գիտելիք կունենայինք մեր ինքնության և մեր անցյալի մասին, ու ամեն ինչ իր տեղը կընկներ։ Մենք մարդասպաններին որպես հերոսներ չէինք ընդունի, իսկ հերոսներին՝ որպես դավաճաններ»,-գրում է նա։


Հեղինակը եզրափակում է՝ նշելով, որ եթե լիներ այդ ամենը, ապա իրենք կունենային տարբեր կրոններ, լեզուների և ռասսաների միասնություն, ինչն արժանիք կլիներ Թուրքիայի համար։ Թուրքիան կդառնար խաղաղության կղզի տարածաշրջանում։ «Ի՞նչ եք կարծում, դա կարո՞ղ է լինել հիմա»,-հարցնում է Ջենգիզը։