«Գիտությամբ կերտենք լուսավոր ապագան». Ցուցահանդեսի միջոցով ուսանողները ներկայացրեցին իրենց ապագան
ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողական խորհուրդն այսօր կազմակերպել էր «Գիտությամբ կերտենք լուսավոր ապագան» խորագիրը կրող ցուցահանդես: Ըստ մասնագիտությունների՝ գիտակրթական մշակութային կենտրոնի մագիստրոսներն իրենց ֆակուլտետին բնորոշ ներկայացրել են տաղավարներ և սլայդ շոուների միջոցով պատկերացրել իրենց ապագան:
Tert.am-ի հետ զրույցում Հայոց լեզու և գրականության տաղավարը ներկայացնող՝ առաջին կուրսի մագիստրոս Գոհար Թովմասյանը նշեց, որ փորձում են այս ձևով ներկայացնել ոլորտին բնորոշ նորությունները:
«Կոնկրետ մեր տաղավարի խորագիրն է` «Չանտեսելով անցյալը՝ գնահատենք ներկան»: Փորձել ենք ներկայացնել ժամանակից հայ գրողներին, որովհետև ժամանակակից գրողներին մեր հասարակությունն այնքան էլ ծանոթ չէ, միայն նեղ մասնագետներն են ծանոթ, իսկ դպրոցներում չեն էլ անցնում»,-ասաց նա:
Մագիստրոսներից Անի Հարությունյանն էլ առիթն օգտագործեց տեղեկացնելու, որ վաղը Օպերայի և բալետի ազգային ակադեմիայի թատրոնում ժամը 14:30-ին տեղի կունենա ժամանակակից գրող Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արևը» գրքի շնորհանդեսը և բոլոր ցանկացողներին հրավիրեց այդ միջոցառմանը:
«Գրականությունը մահացած չէ, գրողները կան, ուղղակի պետք է գտնեն ճիշտ ընթերցող, այսինքն՝ ընթերցողները տեղեկացված լինեն»,-ասաց նա:
Ցուցահանդեսի ավարտին բոլոր ֆակուլտետներից ուսանողները մրցութային տարբերակով ստացան խրախուսական նվերներ, նաև հատուկ մրցանակներ:
Մրցանակային 3 խմբերից՝ լավագույն տաղավար ճանաչվեցին բանասերների և մանկավարժների տաղավարները, լավագույն սլայդ շոու՝ Կառավարում ֆակուլտետի ուսանողներինը, իսկ լավագույն սուր միտք անվանակարգեր՝ հոգեբաններինը:
Ի դեպ, ուսխորհրդի նախագահ Արմեն Վարդանյանը տեղեկացրեց, որ վաղը ուսանողների տոնն է, և ցուցահանդեսը կազմակերպվել է այդ տոնին ընդառաջ:










