Տիգրանակերտի պեղումների լիարժեք իրականացման համար տարեկան 130-150 հազար դոլար է պետք. հնագիտական արշավախմբի ղեկավար
Արցախի Տիգրանակերտի լիարժեք հետազոտության համար նվազագույնը տարեկան երկու ամիս պետք է իրականացնել պեղումներ, որի համար օրական մոտ 1000 դոլարի ծախս է անհրաժեշտ: Իսկ պեղումների լիարժեք իրականացման, ինչպես նաև միջազգային ճանաչման համար տարեկան 130-150 հազար դոլարը կարող է միայն բոլոր խնդիրները լուծվել: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ բարձրաձայնեց պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, ԳԱԱ հնագիտության և ազգային ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:
«Այս ծրագիրը հաստատվել է 2005թ.-ին, 2007թ.-ին սկսվել են ստացիոնար պեղումները, և կարող է տևել մի քանի տասնյակ տարի: Մինչ այժմ մենք պեղել ենք Տիգրանակերտի համալիրի 2-3 տոկոսը»,-ասաց նա` ավելացնելով, որ 2008թ.-ից սկսած պեղումները ֆինանսավորում է Արցախի կառավարությունը` տարեկան տրամադրելով 20 միլիոն դրամ:
Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավարի տեղեկացմամբ` Տիգրանակերտի հանրահռչակումը և հետազոտությունը հարթ չի ընթանում, և բարդությունները տարբեր են: «Մենք ձեռնարկել ենք նաև ՀԿ-ի ստեղծում, և ես վստահ եմ, որ գործարար միջավայրը կաջակցի, որպեսզի գոնե ֆինանսական խնդիրներին ինչ-որ չափով լուծում տրվի»,-ասաց Համլետ Պետրոսյանը և նշեց, որ ակնկալում են գումարի որոշակի բարձրացում, որպեսզի կարողանան սկսել միջազգային ճանաչման գործընթացը:










