Դենիել Քրեյգն այցելել է Աֆղանստանում տեղակայված բրիտանական զորքին

11:52 • 19.11.12

Ջեյմս Բոնդի դերակատար Դենիել Քրեյգն անսպասելիորեն հայտնվել է Աֆղանստանում տեղակայված բրիտանական  ամենախոշոր ռազմաբազայում՝ Camp Bastion-ում, հայտնում է BBC-ն։


Նա հայտնվել է զինվորների առջև հենց այն պահին, երբ նրանք պատրաստվում էին դիտել «բոնդիանայի» վերջին ֆիլմը՝ «Կոորդինատները Սքայֆոլ»-ը։


Մոտավորապես 800 զինծառայող սպասում էին ֆիլմի սկսվելուն, երբ հանկարծակի նրանց առջև է հայտնվել 007 գործակալի դերակատարը։


Ֆիլմի ցուցադրությունից հետո, դերասանին ցույց են տվել Camp Bastion-ը և թույլ տվել կրակել հրաձգարանում։


«Բոնդիանայի» հերոսը հանդիպել է նաև Camp Bastion-ի հոսպիտալի անձնակազմի և զինծառայողների հետ։


Վերջում նրան ցույց են տվել, թե ինչպես են բրիտանական զորքերը հայտնաբերում ռումբեր և ականներ։


Զինվորները հայտնել են, որ թեև անակնկալ այցերին սովոր են, «Ջեյմս Բոնդի» այցն իրենց համար յուրահատուկ էր։