Պյատիգորսկում մանկապիղծ Ամբարցումովին վերջնական մեղադրանք է ներկայացվել

17:10 • 19.11.12

Պյատիգորսկում 9-ամյա Աննա Պրոկոպենկոյի բռնաբարության և սպանության մեջ մեղադրվող Վլադիմիր Ամբարցումովին վերջնական խմբագրմամբ մեղադրանք է ներկայացվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին։

 

Ըստ հետաքննության տվյալների՝ հուլիսի 23-ին Ամբարցումովը, փողոցում հանդիպելով երեխային, ներկայացել է որպես կոսմետիկ ընկերության առևտրային ներկայացուցիչ և առաջարկել նրան գումար վաստակել։ Այնուհետև նա աղջկան ասել է, որպեսզի գա իր հետ գրասենյակ,սակայն իրականում տարել է նրան անտառ և բռնաբարել։ Բռնաբարելուց հետո Ամբարցումովը խեղդել է երեխային ու թաքցրել մարմինը։

 

Որոշ ժամանակ անց նա ձերբակալվել է որպես գլխավոր կասկածյալ, ինչից հետո էլ ընդունել է իր մեղքն ու ցուցմունքներ տվել։
 

Բացի այդ, հետաքննության ընթացքում նրա հանցավոր գործունեության վերաբերյալ ի հայտ են եկել նոր փաստեր։ Մասնավորապես, 2012թ.-ի հուլիսի 3-ին նա մի երիտասարդ կնոջ է բռնաբարել Պյատիգորսկում, իսկ 2004 թ.-ի սեպտեմբերին խաբեությամբ ներթափանցել է նույն քաղաքի բնակելի շենքերից մեկն ու, օգտվելով ծնողների բացակայությունից, սեռական բնույթի գործողություններ իրականացրել 12-ամյա աղջկա նկատմամբ։
 

Այժմ նա մեղադրվում է սեռական բնույթի բռնի գործողությունների իրականացման, բռնաբարությունների և սպանության մեջ։