Արմավիրի մարզում տալվորիկցի ֆերմերը 5 տարի շարունակ 100-ից ավելի ուզբեկների ապօրինի աշխատեցրել է

17:27 • 19.11.12

Դատախազությունը քրեական գործ է հարուցել Արմավիրի մարզում հինգ տարի շարունակ 100-ից ավելի օտարերկրյա քաղաքացիների ներգրավմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստի առթիվ: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության պաշտոնական կայքը:

«Մասնավորապես` ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Ն. Պետրոսյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող` Տալվորիկ համայնքում գտնվող, հողատարածքում իր մերձավորների հետ միասին 2007-2012թթ. ընթացքում իրականացրել է ձեռնարկատիրական, այն է` գյուղատնտեսական գործունեություն` առանց համապատասխան պետական գրանցման»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ:
Քրեական գործը հարուցված է Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:


Tert.am-ի հետ զրույցում Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզանը մանրամասնեց, որ չեն պահպանվել աշխատանքային մի շարք պայմաններ: Ինչ վերաբերում է հարցին, թե թրաֆիկինգ եղել է, թե ոչ, Սոնա Տռուզյանն ասաց, որ քրեական գործը հարուցված է ապօրինի ձեռնարկատիրության հատկանիշներով և «ապօրինի ձեռնարկատիրության և օտարերկրացիների կացության հետ կապված տուրքեր չվճարելու արդյունքում կազմակերպված խմբի կողմից պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու հատկանիշներով», սակայն եթե նախաքննության ընթացքում ի հայտ կգան հանգամանքներ, որ Ուզբեկստանի քաղաքացիները թրաֆիկինգի են ենթարկվել, ապա մեղադրանքը կավելանա նոր հոդվածներով:


Սոնա Տռուզյանը նախաքննության շահերից ելնելով չնշեց, թե ինչ գյուղատնտեսական ինչ գործունեություն է իրականացվել և ինչպես են շահագործվել Ուզբեկստանի քաղաքացիները: