Չինաստանում ավելի քան 70 մարդ է ձերբակալվել Louis Vuitton և Hermes ապրանքանիշերը կեղծելու համար
Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է 73 մարդու, ովքեր զբաղվել են Louis Vuitton և Hermes բրենդերի պայուսակների կեղծմամբ և վաճառքով, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։
Չինացի և ամերիկացի իրավապահ մարմինների համատեղ գործողություններն իրականացվել են Գուանդուն, Ֆուցզյան և Անհոյ շրջաններում, որտեղ գործել է խմբավորումը։ Երեսունյոթ ընդհատակյա ձեռնարկություններից առգրավվել է ավելի քան 20 հազար կեղծված պայուսակ։
Կեղծված արտադրանքի հիմնական մասը խմբավորումն արտահանել է ԱՄՆ և Մերձավոր Արևելքի երկրներ։
Ընդհանուր առմամբ, ինչպես ենթադրում են Չինաստանի հասարակական անվտանգության նախարարությունում, հանցագործներն արտադրել են մոտավորապես 1 մլն կեղծ ապրանք։ Ոստիկանությունն առգրավել է նաև խմբավորման անդամներին պատկանող սարքավորումներն ու բանկային քարտերը։










