ՀԱԿ-ը դրական է գնահատում ՀՅԴ-ի 7 կետից բաղկացած պլատֆորմը
Ազգային ժողովում այսօր կայացած՝ «Հայ ազգային կոնգրեսի» և «Հայ հեղափոխական դաշնակցության» հանդիպման ժամանակ քննարկվեց Դաշնակցության ներկայացրած՝ 7 կետից բաղկացած պլատֆորմը, որը ՀԱԿ-ի կողմից դրական գնահատվեց: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Tert.am-ի թղթակցին ասաց, որ մանրամասն խոսել են առանձին կետերի մասին:
«Ընդհանուր առմամբ մեր դիրքորոշումներն ավելի շատ համընկնում են, դաշնակցության նախաձեռնությունը գնահատում ենք շատ դրական, և կշարունակենք քննարկումները», - ասաց Արամ Մանուկյանը:
Նրա տեղեկացմամբ՝ հանդիպումը տևեց բավականին երկար, և դաշնակցականները մանրամասն ներկայացրեցին իրենց ծրագիրը:
Հանդիպման երկու կողմերն էլ նշեցին, որ այս քաղաքական կոնսուլտացիաները շատ դրական են գնահատում: ՀՅԴ խմբակցության Աղվան Վարդանյանը Tert.am-ի թղթակցին ասաց, որ դրական է գնահատում՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժերն են հանդիպում:
«Հանդիպման սկզբում ՀԱԿ-ի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին, որ մենք միացել ենք իրենց առաջարկին: Մենք նկատեցինք, որ իրենք ճիշտ են ընկալում պրոցեսները»,-ասաց նա՝ փաստելով, որ կային նաև դրույթներ, որոնք նրանց համար վիճարկելի էին:










