Եղբորս ինձ հետ «կապողները» միայն ավելացնում են իմ «պլյուսները». Էդուարդ Շարմազանովը՝ Էրիկ Շարմազանովի մասին
Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովը Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի հարազատ և կրտսեր եղբայրն է: Այս մասին Tert.am-ի ենթադրությունները հաստատելով ասաց Էդուարդ Շարմազանովը:
«Ամեն ինչին նա հասել է իր կարողությունների շնորհիվ, և ես միայն հպարտանում եմ, որ ունեմ նման պարկեշտ ու ճիշտ եղբայր: Իսկ, եթե ուզում են այլ նպատակներով կապել եղբորս ինձ հետ, դա միայն ավելացնում է իմ առավելությունները, այսպես կոչված՝ «պլյուսները», որովհետև ճանաչելով իրեն ու իր աշխատանքը, կարող են է՛լ ավելի դրական կարծիք կազմել մեր ընտանիքի մասին»,- ասաց Էդուարդ Շարմազանովն ի պատասխան այն հարցի, թե պատահակա՞ն է, որ իր եղբայրը նման երիտասարդ հասակում արդեն նման բարձր պաշտոն ունի:
Էդուարդ Շարմազանովը մեծ հաճույքով պատմեց եղբոր կենսագրության մասին. Ոստիկանության գնդապետ 34-ամյա Էրիկ Շարմազանովն ավարտել է Ոստիկանության ակադեմիան, ոստիկանության Վանաձորի բաժնում աշխատել է որպես քրեական հետախուզության օպեր լիազոր, ապա՝ ավագ օպեր լիազոր, այնուհետև՝ Վանաձորի մարզում որպես քննիչ ու ավագ քննիչ, հետո տեղափոխվել է Ոստիկանության Գուքարքի բաժնի օպերատիվ գծով պետի տեղակալ, ապա՝ պետ, իսկ այս տարվանից գլխավորում է Վանաձորի ոստիկանությունը:
«Ունի երկու աղջիկ, հույս ունենք, որ տղա էլ կունենա»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:










