Ֆրանսիայում միասեռ ամուսնությունների հակառակորդները ծեծել են FEMEN-ի ակտիվիստուհիներին (տեսանյութ)
FEMEN շարժման ակտիվիստուհիները, ովքեր որոշել էին Փարիզում բողոքի ակցիա կազմակերպել միասեռ ամուսնությունները թույլատրող օրինագծի դեմ բողոքի ցույց անցկացնող կաթոլիկներին զուգահեռ, ենթարկվել են ցուցարարների հարձակմանը, հաղորդում է Взгляд-ը՝ վկայակոչելով AFP-ին։
Հանգստյան օրերին Ֆրանսիայում բողոքի ցույցեր են անցկացվել միասեռ ամուսնությունների թույլատրման օրինագծի դեմ։
Ըստ գործակալության տվյալների՝ շաբաթ օրը ցույցերին մասնակցել է 100 հազար մարդ, որոնց, սակայն, չի հաջողվել կոտրել իշխանությունների կամքը։
Կիրակի Փարիզի փողոցներ է դուրս եկել մոտավորապես 10 հազար մարդ՝ կաթոլիկ Civitas ինստիտուտի կոչով։
FEMEN շարժման ուկրաինացի ակտիվիստուհիները ցուցարարների առջև են հայտնվել մերկ և միանձնուհիների գլխաշորերով։ Իրենց ակցիայի մասին, ըստ գործակալության տվյալների, ակտիվիստուհիներն իշխանություններին չէին հայտնել։
Ինչպես պատմում է լրագրողուհի Կարոլին Ֆուրեստը, ցուցարարները հարձակվել են աղջիկների վրա և ծեծել։










