Կարեն Կարապետյանը նշանակվել է «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ
Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է «Գազպրոմ մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ` ռազմավարական զարգացման հարցերով: Այս մասին հայտնում է «Մեդիամաքս» գործակալությունը, որին «Գազպրոմ մեժրեգիոնգազ»-ի մամուլի խոսնակ Մարիա Ֆրոլովան հայտնել է, որ ընկերության գլխավոր տնօրեն Կիրիլ Սելեզնյովը Կարապետյանի նշանակման հրամանագիրը ստորագրել է նոյեմբերի 17-ին:
Նշվում է նաև, որ «Գազպրոմ մեժրեգիոնգազ»-ը «Գազպրոմ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը զբաղվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում բնական գազի իրացմամբ:
«Մեդիամաքսի» ունեցած տեղեկատվության համաձայն, Կարեն Կարապետյանը պահպանել է նաև «Գազպրոմբանկի» փոխնախագահի պաշտոնը, որը զբաղեցնում է 2011 թվականի դեկտեմբերից:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2010 թվականի դեկտեմբերից մինչև 2011-ի հոկտեմբերը: Մինչ այդ նա 10 տարի գլխավորել է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը:










