Մանկավարժական համալսարանում բուհի 90-ամյակի առթիվ թանգարան բացվեց (լուսանկարներ)

13:46 • 19.11.12

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակի առթիվ այսօր բացվեց համալսարանի թանգարանը, որտեղ ներկայացված է բուհի պատմության ժամանակագրություն` hիմնադրումից մինչև մեր օրերը:


Թանգարանում 3D ձևաչափով ներկայացված է Խաչատուր Աբովյանը, ով, իր ուղերձը հղելով տարիների խորքից, խոսում է կրթության, գիտության մասին: Իսկ նախասրահում տեղադրված հպումային էկրանի միջոցով ցանկացողները կարող են ստանալ բուհի մասին տեղեկատվություն:


Մանկավարժական համալսարանի թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանի խոսքով` այն այսուհետ ուսանողների համար կդառնա կրթական-տեղեկատվական կենտրոն, որտեղ ուսանողները ոչ միայն կայցելեն դիտելու համար, այլ նաև հնարավորություն կունենան տեղեկություն ստանալ իրենց հետագա աշխատանքների մասին։


«Թանգարանի բացումն ինչ-որ տեղ ուշացել է: Նախաձեռնությունն ավելի քան 3 տարի առաջ է եղել, այսօր արդեն բավական նյութ կա ներկայացված, և հետագայում նախատեսվում է համալրել ցուցադրվող նմուշները»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:


Թանգարանի բացման ժապավենը կտրեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և համալսարանի 90-ամյակի կապակցությամբ մեդալներով պարգևատրեց դոկտորական աստիճան ունեցող մի քանի դասախոսների:


Բացման արարողությանը ներկա էին նաև տարբեր երկրներից ժամանած հյուրեր, որոնց թվում էր ԱՄՆ-ի Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի նախագահ, Մարի Փափազյանը, ՌԴ բուհերի այլ ներկայացուցիչներ։