Փաստաբանների պալատի անդամին ծեծելո՞վ են սպանել

20:09 • 19.11.12

Երեկ երեկոյան Լոռու մարզի Շահումյան գյուղում գործող ռեստորանում բռնության հետքերով մահացած վիճակում հայտնաբերված Փաստաբանների միության 49-ամյա անդամ Սամվել Շարբաթյանին, հնարավոր է, ծեծելով են սպանել: Tert.am-ի հետ զրույցում նման համոզմունք արտահայտեց ՀՀ Փաստաբանների միության նախագահ Ռուբեն Սահակյանը:


Միությունում համադրել են տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը և եկել այն համոզման, որ նրա սպանությունը իրականացվել է կենցաղային հողի վրա: «Վայրագ սպանություն է, վիճաբանության ժամանակ՝ ռեստորանում: Ցավոք, հայկական իրականության մեջ շատացել են դեպքերը, երբ ռեստորանում ծեծելով սպանում են մարդուն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Նրա խոսքով՝ ծեծողները եղել են անծանոթ անձինք:


Նշենք, որ Ռուբեն Սահակյանին զանգահարել էինք՝ տեղեկանալու համար, թե արդյոք ՀՀ փաստաբանների միությունում տվյալներ ունեն Սամվել Շարբաթյանի թշնամիների մասին կամ տիրապետում են տվյալների, որով փաստաբանի սպանությունը պայմանանավորված է նրա մասնագիտական գործունեությամբ:


Հիշեցնենք, որ ըստ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության  երեկ երեկոյան, ժամը 22.45-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղում գործող ռեստորանում բռնության հետքերով դիակ կա:


Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, 49-ամյա Սամվել Շարբաթյանի դիակը` բռնության հետքերով:


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: