ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գազայի հատվածում անհապաղ հրադադարի կոչ է արել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Ղազայի հատվածում անհապաղ հրադադար հաստատելու կոչ է արել, հայտնում է Metro-ն: Այնտեղ արդեն 6-րդ օրն է Իսրայելը շարունակում է հրթիռակոծել Գազայի հատվածը։
Իսրայելի զինուժի հարձակումը չի դադարել նաև նոյեմբերի 19-ի գիշերը: Նրանց թիրախն էր եղել 80 տեղանք: Ըստ պաղեստինյան աղբյուրների՝ առնվազն 18 մարդ է զոհվել գիշերը:
«Սա պետք է դադարեցնել: Ես խստորեն հորդորում եմ, որպեսզի կողմերն արձագանքեն Եգիպտոսի առաջնորդությամբ գործադրվող ջանքերին՝ անհապաղ հրադադարի հասնելու համար», - մասնավորապես ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նա ուղերձ էր հղել այն բանից հետո, երբ Գազայում արձանագրվել էր հարձակումների ամենաարյունալի օրը՝ 23 զոհով, որոնց մեծ մասը կանայք, երեխաներ ու նորածիններ են: Վեց օրերի ընթացքում զոհերի թիվը հասել է մոտ 90-ի:
Նույն ուղերձով Բան Կի Մունն այսօր կայցելի Եգիպտոս, որի նախագահ Մուրսիի հետ հանդիպումից հետո կմեկնի նաև Իսրայել և Գազա:
Հիշեցնենք, որ Իսրայելն այսօր վերջնագիր է ներկայացրել ՀԱՄԱՍ-ին. այն պետք է 36 ժամվա ընթացքում դադարեցնի Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումը, հակառակ դեպքում իսրայելական բանակը կընդլայնի ռազմական գործողությունները։










