Սոթքի հանքախորշերի «անչափահաս իշխանները» Վարդենիսից են՝ պնդում է Սոթքի գյուղապետը (տեսանյութ)
Գեղարքունիք կատարած այցելության և մարզային վարչության ու ստորաբաժանումների աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը (դիտեք «Կիրակնօրյա հերթապահ մաս»-ի նոյեմբերի 18-ի թողարկումը - Tert.am ) ոստիկանության աշխատակիցներին հանձնարարել է ուշադրություն դարձնել ապօրինի ոսկեխույզներին՝ այսպես կոչված «չղջիկներին», որոնք Սոթքի հանքավայրերից ոսկի են հայթայթում` մահվան վտանգն աչքների առաջ:
«Բառիս բուն իմաստով թրաֆիքինգ է. անչափահասներին շահագործելը, վտանգի ենթարկելը։ Գողությունը դեռ մի կողմ՝ երկրորդ պլան, գողին կբռնենք, ինձ մտահոգում է էդ ստրկությունը: Ինչքա՞ն կարելի է մարդ սպանել էդտեղ՝ ոսկով գայթակղված: Ուղարկում են անչափահասների՝ 14-15-16 տարեկան երեխաների»,- ասել է Վլադիմիր Գասպարյանը։
Tert.am-ի հետ հետ զրույցում Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը նշեց, որ վերջին շրջանում Սոթքի հանքախորշերում փլուզման կամ խեղդման դեպքեր գրեթե չեն լինում, սակայն նախկինում շատ էին:
«Տենց դեպքեր ըլնում են»,- ասաց գյուղապետը և ի պատասխան հարցի, թե սոթքեցիները զբաղվու՞մ են այս գործով, նշեց, որ «չղջիկները» Սոթքի բնակիչները չեն:
«Սոթքից ընդհանրապես էդտեղ մարդ չկա, «չղջիկ-մղջիկ», ոնց ասեմ: Հիմնականում էդ կազմակերպում են վարդենիսցիները, էն մնացած… միգուցեև Մեծ Մասրիկ գյուղերը: Երկու հոգի կազմակերպում են էդ գործը, մի քանի ջահելների էլ օրավարձով տանում են աշխատացնում: Ինչքա՞ն, մի հինգ-վեց հազար դրամ պտի ըլնի, էլի»:
Ինչպես նշում են Ոստիկանությունից՝ ոսկեխույզները հանքահորեր են մուտք գործում մերձակա վայրերից՝ հողը փորելով:
«Որ ես ասեմ, ես ոչ գնացած եմ, ոչ տեսած, բայց իմ կարծիքով՝ էն լքված հանքահորեր են լինում, որ մի ժամանակ օգտագործել են, մեկ էլ էդ են թողել, ոչ ձեռնտու է եղել, ըտենց անհատները մտնում են՝ բառադի, «նա ուռա», ոչ վինտիլացիա, ոչ «ուկրեպլենի» հետները։ Ռիսկի են դնում իրենց կյանքը՝ մի կտոր հաց աշխատելու համար»,- իր անձնական տվյալները ներկայացրեց Սոթքի գյուղապետը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ եղել են ոսկեխուզության կազմակերպված դեպքեր, սակայն ավելի շատ են այն դեպքերը, երբ նախաձեռնությունը գալիս է հենց անհատներից:
Նշենք, որ Գեղարքունիքի մարզի հարավ-արևելյան մասում՝ Սոթք գետի ափին, Սոթքի ոսկու հանքերը, մշակվել են դեռևս մեր թվարկությունից մի քանի հարյուրամյակ առաջ:
Լուսանկարը՝ ArmeniaNow.com-ի










