Հալեպում դիպուկահարի գնդակից հայ կին է վիրավորվել. ընդհանուր առմամբ հայաշատ բնակավայրերում համեմատաբար հանդարտ է

13:46 • 20.11.12

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում վերջին երկու օրերին իրավիճակը համեմատաբար հանդարտ է, չնայած դիպուկահարների պատճառով շարունակում են վտանգավոր համարվել Նոր գյուղ հայաբնակ թաղամասի որոշ փողոցներ։
 

Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ դիպուկահարի գնդակից Նոր գյուղում հայ կին է վիրավորվել, ում տեղափոխել են հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
 

Վերջին օրերին բախումների կիզակետում է հայտնվել հայաբնակ Քեսաբ բնակավայրը։
 

Քեսաբի մոտակայքում բանակն ու ընդդիմադիր խմբավորումների միջև թեժ մարտեր են ծավալվել։ Բախումները հայաշատ բնակավայրին չեն հասել, սակայն դրանց հետևանքով վնասվել է շրջանին էլեկտրականություն մատակարարող կայանը։
 

Քեսաբն այս պահին զրկված է էլեկտրականությունից, չի գործում նաև հեռախոսակապը։
 

Անցնող շաբաթվա ընթացքում թեժ մարտեր էին ընթանում նաև Հասաքե և Քամիշլի բնակավայրերի մոտակայքում, որտեղ նույնպես մեծաթիվ հայեր են բնակվում։ Ժիրայր Ռեյիսյանը տեղեկացրեց, որ թե՛ Հալեպի կենտրոնական հատվածներում, թե՛ այս երկու բնակավայրերում իրավիճակը հանդարտ է, սակայն անկայուն և չափազանց զգայուն։
 

Սիրիայում շուրջ 2011թ.-ի մարտից մինչև այժմ հայկական համայնքը 40-ից ավելի զոհ է տվել։ Առաջնորդարանից հաստատեցին նաև տեղեկություններն այն մասին, որ վիրավորվել է 60-ից ավելի հայ, վնասվել շուրջ 200 հայի բնակարան։
 

Այս ընթացքում արձանագրվել են նաև հայերի առևանգման բազմաթիվ փաստեր, որոնց հստակ թիվը հայտնի չէ։ Նրանց մեծ մասը փրկագնի դիմաց ազատ է արձակվել, սակայն մի քանիսը շարունակում են առևանգողների մոտ մնալ։