Հայաստանի հեռավոր շրջաններում և ԼՂՀ-ում կբացվեն անպտղության բուժման կենտրոններ. գինեկոլոգ

12:58 • 20.11.12

«Արագիլ» հիմնադրամը կոչված է օգնելու անպտղությամբ տառապող զույգերին: Այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց «Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիայի» փոխնախագահ, գինեկոլոգ Կարինե Փոխունցը և հավելեց, որ հիմնադրամը Հայաստանի հեռավոր մարզերում և ԼՂՀ-ում անպտղության բուժման կենտրոններ հիմնելու ծրագիր է մշակում, քանի որ այդ շրջանների բնակիչներին դժվար է բուժման համար Երևան հասնել։


«Մտահոգվելով այս խնդրով և քանի որ Հայաստանում չկա պետական աջակցություն անպտղություն ունեցող զույգերին, մենք որոշեցինք՝ պետք է հիմնադրամ ստեղծել, որը կաջակցի նրանց: Դիմեցինք հանրապետության առաջին տիկնոջը, քանի որ ավանդաբար ամբողջ աշխարհում այդ ոլորտին աջակցում են հենց առաջին տիկինները: Իսկ կենտրոնների ստեղծման ուղղությամբ դեռևս տարվում են նախապատրաստական աշխատանքներ»,- ասաց նա:


Կարինե Փոխունցը նշեց, որ այժմ հիմնադրամը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ չափանիշներ են մշակում, ըստ որի՝ կհստակեցվեն, թե սոցիալական որ խավի ներկայացուցիչներին կհովանավորի հիմնադրամը:


«Այն ուղղված է լինելու ոչ թե չքավորներին, այլ միջին աշխատավարձով ապրող զույգերին: Կհովանավորենք այնքան զույգերի, որքան գումար կհավաքվի հիմնադրամում: Ես կարծում եմ, որ պետք է դիմել որևէ մարաթոնի, որ որոշակի գումար տրամադրվի այս խնդրին: Սա առաջնահերթ խնդիր է»,- ասաց նա և ընգծեց, որ Կառավարության և ԱԺ-ի ուշադրությունը պետք է ինչ-որ կերպ սևեռել այս խնդրի շուրջ, քանի որ հարցը վերաբերում է ազգի պտղաբերությանը: