Apple-ը օգտագործված էլեկտրոնիկայի իր խանութն է բացել eBay-ում. ԶԼՄ-ներ
Աշխարհի խոշորագույն ինտերնետ աճուրդում ` eBay.com-ում, խանութ է հայտնվել, որը վաճառում է Apple ընկերության օգտագործված համակարգիչներ, պլանշետներ, սմարթֆոններ և նվագարկիչներ: Ենթադրվում է, որ այդ խանութը պատկանում է անմիջապես Apple ընկերությանը, հաղորդում է РИА Новости-ին` հղում կատարելով 9to5mac պարբերականին:
Պարբերականի տվյալներով, չնայած խանութի անվանումը Refurbished Outlet –է և Apple-ի վերաբերյալ նշում չկա, իսկ խանութի սեփականատիրոջ մասին տեղեկությունները փակ են, մի շարք այլ նշաններ կան, որոնց հիման վրա կարելի է պնդել, որ Apple-ն է դրա սեփականատերը:
Մասնավորապես, ինչպես գրում է 9to5mac-ը, խանութում վաճառվող սարքերը մեկ տարի երաշխիք ունեն, նոր փաթեթավորմամբ են և նոր փաստաթղթերով, օգտագործման եղանակի թղթերով ու լարերով են համալրված: Իսկ օգտագործված iPad-ները և iPod-ները նոր մարտկոցներով են վաճառվում:
Սարքերն առաջարկվում են ժամանակակից ամենահարմար ծրագրային ապահովմամբ, իսկ էլեկտրոնային սարքերի որակը ստուգվում և մակնշվում է Apple-ի մասնագետների կողմից:
Բացի այդ, Apple-ի eBay-ում բացված խանութում ապրանքների գները համապատասխանում են Apple-ի սեփական համացանցային խանութում վաճառվող համանման ապրանքների գներին: Օրինակ 13,3 դույմ էկրանով MacBook Air ծնկադիր համակարգիչը eBay խանութում նույն 919 ԱՄՆ դոլար գինն ունի, ինչպես Apple-ի պաշտոնական խանութում:
Սակայն պետք է նշել, որ eBay-ի միջոցով ապրենքները կարելի է փոքր ինչ ավելի էժան գնել, քանի որ Apple կայքի սովորական խանութը ԱՄՆ բոլոր նահանգներից առևտուր իրականացնելիս հարկեր է պահում, իսկ eBay-ի խանութից պահումներ արվում են միայն մի քանի նահանգների դեպքում:










