Ավստրիայում կինը մասնատել է ամուսնուն և սիրեկանին և թաղել սրճարանի նկուղում

10:25 • 20.11.12

Ամբողջ Ավստրիան քննարկում է «սառցե սպանության» մանրամասները, որը կատարել է Վիեննայի փոքրիկ սրճարանի տիրուհին, հայտնում է НТВ-ն։


Կրկնակի սպանության հեղինակը 34-ամյա կիսով չափ իսպանուհի, կիսով չափ մեքսիկուհի Էստիբալիս Կարանսան է։ Ավստրիական ԶԼՄ-ները նրան արդեն անվանել են «Սառցե տիկին»։


Կինը դատարանում խոստովանել է, որ սպանել է նախկին ամուսնուն և սիրեկանին։ Նրա խոսքով՝ երկուսն էլ նվաստացրել են իրեն, ինչն էլ դրդել է հանցագործության։ Նախկին ամուսինը բղավել է նրա վրա և ծաղրել նրան գերմաներենի վատ իմացության համար։ Սիրեկանին նա սկսել է ատել անհավատարմության համար։

 

Իր երկու տղամարդկանց կինը սպանել է Beretta տեսակի ատրճանակով. նախկին ամուսնուն՝ զայրույթի պահին, սիրեկանին՝ մի քանի օր անց քնած ժամանակ։ Այնուհետև նա մասնատել է մարմիններն էլեկտրական սղոցով, սառեցրել սառնարանում, ապա թաղել սրճարանի նկուղում։


Հանցագործությունը բացահայտվել է պատահաբար։ Սպանվածների մարմինները հայտնաբերվել են մեկ տարի առաջ՝ սրճարանի վերանորոգման աշխատանքների ժամանակ։

Էստիբալիս Կարանսային սպառնում է խիստ պատիժ։ Սակայն նա ազատ արձակման հույս ունի, քանի որ նրան պաշտպանելու է Ավստրիայի ամենահայտնի փաստաբանը, ով 2009թ. դատարանում ներկայացնում էր տասնամյակի ամենահայտնի հանցագործներից մեկի՝ մոլագար Յոզեֆ Ֆիտցլի շահերը, ով գրեթե 25 տարի նկուղում պահել և բռնաբարել էր սեփական դստերը։