Կարծիքներ Սեյրան Օհանյանի «Հայկական բանակի 20-ամյա տարեգրություն» գրքի մասին

22:40 • 20.11.12

Սեյրան Օհանյանի հեղինակած «Հայկական բանակի 20-ամյա տարեգրություն» գրքի լույսընծայման կապակցությամբ հայազգի մի շարք մտավորականներ և ազգային գործիչներ այսօր կայացած շնորհանդեսի ժամանակ իրենց կարծիքներն ու մտորումները հայտնեցին։


Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) ասաց, որ այս գիրքը կտա մեր զինվորական պատմությունը. «Բազմաթիվ չեզոք պետությունները մեր բանակին լավ գնահատական են տալիս, և դա բանակի նվիրյալների շնորհիվ է։ Այս գիրքը մեզ կտա մեր զինվորական պատմությունը, ինչը մեր զինվորոկանները պետք է իմանան շատ լավ»,- ասաց նա։


Գրող, հրապարակախոս Զորի Բալայանն ասաց, որ «մինչ այժմ մենք բանակի մասին հիմնավոր գիրք չունեինք, բայց դաստիարակվել է մի սերունդ, որը գնացել է պատերազմ:


«Այսօր մենք արդեն ունենք մի սերունդ, որը բանակում է, և որի համար այս տարեգրությունը հաց է և ջուր: Ես տեսա, թե ինչպիսի գրիչ ունի Սեյրան Օհանյանը հատկապես գործունյա ուղերձների հարցում: Ես տեսել եմ նաև իր զրույցը զինվորների հետ և ես նրան ասեցի, որ այդ ամենը պետք է գիրք դառնա, և դարձավ»,- ասաց նա։


Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն իր հերթին ասաց, որ գիրքը իսկապես տեղեկության մի շտեմարան է, ինչը ցույց է տալիս, որ մեր ազգն իսկապես հաղթանակած ազգ է:


«Այս հատորն իսկապես շահեկան է ընթացիկ պատմությունն ուսումնասիրող պատմաբանների համար: Իսկապես մեծ գնահատականի արժանի հատոր է»- ասաց նա:


ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքով 20 տարվա ամենամեծ ձեռքբերումը բանակն է, որով մենք միշտ հպարտանում ենք:


«Արցախյան ազատագրական պատերազմի վերաբերյալ եղել են տարբեր գրքեր, որոնք ոչ միշտ են ճիշտ ներկայացրել հաղթանակի պատմությունը: Եվ կարիք կար, որ այդ մասին գրեր մասնագետ մարդը: Սեյրան Օհանյանի մտահղացումը և դրա իրականացումը շատ հաջողված է»,- ասաց նա:


ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր ելույթում ասաց, որ բանակի մասին շատ է խոսշվել, և միշտ հպարտանում ենք նրանով։ «Սակայն արդեն ժամանակն է, որպեսզի մեր բանակի անցած ուղու մասին լուրջ աշխատություններ գրվեն: Այս գիրքը հենց բանակի մասին ամբողջականության զգացում է մեզ տալիս: Այս գիրքը նաև մեծ առավելություն ունի այն առումով, որ ոչ ոք կարծես չի մոռացվել»:


ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդուարդ Մինասյան. «Հատկապես աշխատության վերջում զետեղված ելույթները և բոլոր գիտական ելույթներն իրենց ամբողջության մեջ սկզբնաղբյուրի դեր ունեն, ինչը կարևոր հանգամանք է»: