Ջերմոցային գազերի մակարդակը մթնոլորտում ռեկորդային բարձր մակարդակի է հասել
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով Երկրի մթնոլորտում ջերմոցային գազերի պարունակությունը կրկին հասել է ռեկորդային բարձր մակարդակի, հաղորդում է BBC-ն:
Ինչպես նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ, վերջին 20 տարիների ընթացքում կլիմայի տաքացման (ռադիացիոն տաքացումը) ազդեցությունը ավելացել է 30%-ով ածխածնի երկօքսիդի(CO2) և այլ ջերմոցային գազերի պատճառով:
Մթնոլորտ արտանետվող ածխածնի երկօքսիդի մոտ կեսը մնում է այնտեղ, իսկ մնացած գազը կլանվում է օվկիանոսի և հողի կողմից, նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
«Այդ միլիարդավոր տոնա ածխածնի երկօքսիդը կմնա մթնոլորտում դարեր շարունակ, հանգեցնելով մեր մոլորակի հետագա տաքացմանը և ազդեցություն ունենալով մոլորակի կյանքի բոլոր ոլորտների վրա»,- հայտարարել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ժարոն:










