Ինքնասպանություն գործած զինվորի ձեռքերը եղել են բռունցք արված, ատամները՝ կոտրված. պնդում են հարազատները
2012 թ-ի նոյեմբերի 6-ին, ըստ պաշտոնական տեղեկատվության, ինքնասպանություն գործած զինծառայող 19-ամյա Սարգիս Սահակյանի հարազատները նոյեմբերի 17-ին իրենց այցելած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցների մոտ պնդել են, որ Սարգիսը չէր կարող ինքնասպանություն գործել և ավելացրել, որ նրա ձեռքերը բռունցքված են եղել, իսկ ատամները՝ կոտրված:
Դեպքից ընդամենը մի քանի օր առաջ զինվորը քրոջը տեղեկացրել, որ մի քիչ գումար ուղարկեն, որպեսզի կարողանա մոր համար նվեր գնի նոյեմբերի 10-ին արձակուրդ գալու ժամանակ:
Այս մասին հաղորդել է Սարգսի դիահերձմանը ներկա գտնվող հարազատներից մեկը, որի նկարագրությամբ՝ Սարգիսին գտել են ձեռքերը բռունցք արած, արմունկից դեպի վեր՝ դեպի երեսը ծալած դիրքով և այդպես էլ տեղափոխել են հիվանդանոց:
Բացի այդ, նրա ատամները կոտրված են եղել, ձախ աչքը վնասված, իսկ ցուցամատի ծալման տեղում օղակաձեւ կարմիր վնասվածք է եղել:
Նշենք, որ Սարգիս Սահակյանը ՀՀ զինված ուժեր էր զորակոչվել 2011 թ-ի դեկտեմբերին և Սկզբում ծառայել էր Արմավիրում, իսկ այս տարվա մայիսից՝ Մեղրիում:
Դեպքը տեղի էր ունեցել մարտական հենակետում ՝ժամը 24:30-ի սահմաններում, երբ Սարգիսը հանձնել է հերթափոխը և հսկելիս է եղել մյուս զինծառայողներին, որոնք քնած են եղել: Դիրքերում եղել են 9 հոգի, որոնցից մեկը՝ դասակի հրամանատարը: Սարգիսին գտել են բերանի շրջանում հրազենային վնասվածքով:
Ըստ հարազատների, դեպքի կապակցությամբ մի քանի օր առաջ ձերբակալվել է երկու զինծառայող:










