Հարձակման է ենթարկվել Սիրիայի տեղեկատվության նախարարության շենքը

17:19 • 20.11.12

Սիրիայի զինյալ ապստամբներն այսօր ականանետերով հարձակում են իրականացրել Սիրիայի տեղեկատվության նախարարության և «Բաաս» կուսակցության Դամասկոսի գրասենյակի վրա։

 

Ինչպես տեղեկացնում է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը, ականներից մեկը պայթել է շենքի ճակատային մասում՝ հասցնելով էական նյութական վնաս. տուժածներ չկան։


Երկրորդ ականը պայթել է նախարարության մոտ գտնվող ավտոկայանում։


Սիրիայի անվտանգության ուժերը վերջին 48 ժամերի ընթացքում Դամասկոսում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները՝ ավելացնելով հենակետերի և հերթապահություն իրականացնող զինծառայողների թիվը։ Քաղաքի մի շարք թաղամասերում «հատուկ ռեժիմ» է մտցված։


Երկրի հյուսիսում՝ Հալեպ քաղաքից 30, իսկ թուրքական սահմանից 10 կմ հեռավորության վրա «Սիրիայի ազատ բանակի» զինյալները փորձում են գրավել Շեյխ Սուլեյման ռազմաբազան։