Չնայած սոցիալական ծանր պայմաններին՝ Հայաստանում թմրամոլների թիվն աճում է. թմրաբան
Նարկոլոգիական դիսպանսերի տնօրեն Պետրոս Սեմերջյանն ասում է, որ հակառակ սոցիալական ծանր պայմաններին, Հայաստանում թմրամոլների թիվն անընդմեջ աճում է։
«Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 3900, 2011-ին՝ 2800, 2010-ին՝ 1700» ,- Tert.am–ի հետ զրույցում ասաց թմրաբանը՝ նշելով, որ իրենց տեսադաշտում, այնուամենայնիվ, հայտնվում է թմրամոլների մի մասը միայն:
Հայաստանում բնակվող թմրամոլների քանակը պարզելու համար երկու տարին մեկ կատարվում են հատուկ հետազոտություններ: Վերջին հետազոտության ժամանակ պարզվել է, որ թմրամոլների թիվը 12 000- 13 000–ի միջակայքում է:
Ի պատասխան հարցի, թե սոցիալապես ծանր վիճակում գտնվող Հայաստանում ինչպե՞ս կարող են ավելանալ մեծ գումարների կարիք ունեցող թմրամոլները, բժիշկը նշեց.«Կան, որ էժան են, կան՝ թանկ և, բացի այդ, հայտնի է, որ այն թմրամոլները, որոնք գումար չունեն, որպես կանոն, քրեածին են»:
Ըստ Պետրոս Սեմերջյանի՝ Հայաստանում ամենաշատը տարածված են ափիոնը և կանեփը, իսկ օրինակ՝ Ռուսաստանում տարածված «ամֆիտամին» թմրամիջոցի օգտագործումը սահմանափակ է:
Չնայած սրան, Ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության աշխատակիցները մոտ երեք տարի առաջ մայրաքաղաքի արդյունաբերական ձեռնարկություններից մեկի հարևանությամբ գործող ամֆիտամինի արտադրության լաբորատորիա էին հայտնաբերել:
Վերջին շրջանում հաղորդվեց Հայաստանում գործածվող նոր՝ «սուբուտեքս» կոչվող թմրամիջոցի մասին, որի մեկ հաբը վաճառվում է 51 000 դրամով:
Պետրոս Սեմիրջյանի տեղեկացմամբ՝«սուբուտեքսը» Հայաստան մուտք է գործում մաքսանենգ ճանապարհով և արտադրվում և օգտագործվում է Ֆրանսիայում՝ որպես մորֆինին փոխարինող ցավազրկող ՝ անբուժելի հիվանդությամբ տառապող և ցավեր ունեցող անձանց կողմից:
Նարկոլոգիական դիսպանսերի ղեկավարը նշեց, որ Հայաստանում օրինական ճանապարհով նման դեղամիջոցներ ստացող անձինք ևս հնարավոր է՝ վաճառեն դրանք թմրամոլներին:
Թմրաբանը հավելեց, որ Հայաստանում թմրամոլները բազմաթիվ կենցաղային նյութերի խառնուրդներից թմրամիջոցներ են պատրաստում, սակայն զերծ մնաց նյութերի և խառնուրդների անունները հրապարակելուց, որպեսզի «չիրազեկվածների» շրջանում նման պատրաստուկներ ստանալու փորձեր չձեռնարկվեն:
Նշենք, որ նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Հայաստանում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, ներկայացվել է իրավիճակի վերաբերյալ զեկույց:










